Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#33 (1000) 22.08.2013 – 28.08.2013

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»՝ ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԳԻՐՆ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ

«Հայ զինվորը» ազգային բանակի կենսագիրն է, բանակաշինության դժվարին ճանապարհի ամենահավատարիմ ու անաչառ վավերագրողը: Ձեռքը ժամանակի զարկերակին, բանակի հոգս ու ցավին առնչակից, հասարակական պահանջին ականջալուր` «Հայ զինվորը» սոսկ տարեգիր չեղավ բանակի համար, այլև նախանձախնդիր մասնակից, միշտ դեպքերի ու իրադարձությունների էպիկենտրոնում, միշտ զինվորի և սպայի, միշտ զինվորի ծնողի կողքին:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ» ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

«Հայ զինվորը» մեր հաղթանակած ազգային բանակին արժանի թերթ էր, որովհետեւ մեր բանակի պես խրոխտ է, հայրենասեր, ազգանվեր, իր ակունքին հավատարիմ, իր արմատի ուժն զգացող… «Հայ զինվորը» մեզ շատ է պետք, եւ ես ցանկանում եմ, որ «Հայ զինվորը» տոնի բազում հոբելյաններ, դառնա ուժեղ, ավելի ինքնավստահ խոսի ժողովրդի հետ, ավելի բացեիբաց, ավելի պաթոսով եւ ավելի մեծ մասսայականություն վայելի:

ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ` ԻՆՔՆ ԻՐԵՆԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՍՈՒՆ

Մարտական հենակետում ենք: Այստեղ ամեն մի թիզ հողի համար կռիվ է եղել, արյուն հեղվել: Այդ կռիվը շարունակությունն էր խորհրդային տարիների «սառը պատերազմների», երբ մեր հարևանները «եղբայրաբար» կարող էին անցնել սահմանը, տնավորվել, բազում երեխաներ ունենալ և աստիճանաբար փորձել դիմացինին համոզել, որ եղբայր ենք, պիտի միասին ապրենք: Այսպես խաղաղ ու հանդարտ առաջանում էին: Անասունները կճղակները դնում էին հողին խոնարհված, հողմածեծ խաչքարերին ու անցնում առաջ…

«ՀԱՅ ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ՆՄԱՆՎԻ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՆ»

Շարժման հենց առաջին օրերից որոշ եկեղեցականներ այս կամ այն կերպ իրենց մասնակցությունը բերեցին հայրենանվեր գործին: Իհարկե, չմոռանանք առաջին հերթին հիշատակել լուսահոգի ՎԱԶԳԵՆ կաթողիկոսին։ Մեծագույն աջակցություն ունեինք նրանից. նա ամեն ինչով օգնել է շարժմանը, ոչինչ չի խնայել մեր անկախության, մեր հաղթանակի, այս մեծ գործի համար։

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԹԵՐԹԸ

1993թ. ապրիլի 1-ին լույս է տեսնում ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթի անդրանիկ համարը: Այդ իրադարձությունը համընկնում է Քարվաճառի ազատագրմանը, և հայոց բանակի թերթը ծնվում է հաղթանակի հետ:
Թերթը հիմնադրվել է ավելի վաղ. 1992թ. օգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարը հաստատել է «Հայ զինվորի» կանոնադրությունը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիան նույն թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 39/1 որոշմամբ գրանցել է թերթը:

ԾԱՌԱՅԵԼ ԵՆ ԱԶՆՎՈՐԵՆ...

Երեկ ես թերթեցի «Հայ զինվորի» անցած տարիների համարները, կարդացի իմ ընկերների, իմ ծանոթների, իմ գործընկերների տարբեր տարիներին գրած հոդվածները, նաև իմ տողերը աչքի անցկացրի, որոնց մասին մոռացել էի և… թեթևացած շունչ քաշեցի: Փառք Աստծո, թերթը, ինչպես ասում են, ոտից գլուխ հայրենիքի մասին էր, հայ հողի ու հայ զինվորի մասին, բայց չտեսա, չգտա հայրենիքի ինքնամոռաց ու դատարկ փառաբանություններ, չտեսա սնապարծ, ցուցադրական հայրենասիրության տողեր… Ուրեմն՝ իմ ընկերները ազնվորեն են ծառայել հայրենիքին, ուրեմն՝ թերթը կատարել է իր դերը՝ եղել է հայ զինվորի կողքին, ասել է թե՝ անկեղծ, մաքուր սիրով է սիրել իր հայրենիքը… Ուրեմն՝ «Հայ զինվորը» դեռ ասելիք ունի և անցնելիք Ճանապարհ…

1995 թվականն էր։ Խմբագրակազմով հանգստանում էինք գեղատեսիլ Սևանա լճի ափին՝ Այրիվանքի տարածքում գտնվող պաշտպանության նախարարության ենթակայության հանգստյան տներից մեկում։ Եռօրյա հանգիստն այնքան բովանդակալից ու հետաքրքիր անցավ, որ նույնիսկ տարիներ անց, երբ վերհիշում ենք այդ օրերին տեղի ունեցած որոշ դիպվածներ, մի կուշտ ծիծաղում ենք։