#38 (1005) 26.09.2013 – 2.10.2013
Այժմ աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բարդ է: Մի բան է պատերազմ վարելը, մի այլ բան` պատերազմի պատրաստվելը և բոլորովին այլ բան` պատերազմով սպառնալը: Նշենք այն ուժերը, որոնք կտրականապես շահագրգռված են Սիրիային հարված հասցնելու մեջ` Բաշար Ասադին թուլացնելու և գահընկեց անելու նպատակով: Դրանք են` ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրը և էներգետիկ կորպորացիաները, արաբական «նավթային միապետություններն» ու նախևառաջ Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Իսրայելը և ազդեցիկ հրեական լոբբին ԱՄՆ-ում: Այս եռյակի դիրքերն առաջվա նման շատ ուժեղ են, և նրանց շահերն անտեսել Օբաման ուղղակի չի կարող: Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, Սիրիայի վրա հրետակոծություն չեղավ, իսկ Շվեյցարիայում էլ բանակցային գործընթաց սկսվեց, որի երկրորդ փուլը նախատեսվում է հոկտեմբերին: Սակայն շատ հնարավոր է, որ «Ժնև-2»-ի ջանքերը տապալվեն նոր սադրանքով:
Իրանում քաղաքական բարձրագույն ղեկավարության բաժանումը պահպանողականների և բարենորոգիչների դարձել է տարածված կարծրատիպ, ինչը լրջորեն դժվարացնում է Իսլամական Հանրապետության ղեկավարությունում տեղի ունեցող փոփոխությունների ըմբռնումը երկրի նախագահի պաշտոնին Հասան Ռուհանիի գալուց հետո: Նրա բազմաշերտ քաղաքական կերպարը իրանցի բարենորոգիչների մասին ընդունված պատկերացումների մեջ խցկելու ջանքերը կասկածելի են, և ընտրություններում նրա հաղթանակի պատճառները գնահատելիս միայն հակասություններ են ծնում:
«ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ը մուտք է գործում հայոց ազգային բանակ. այսպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել պաշտպանության նախարարությունն ու հայտնի հեռուստախաղի կազմակերպիչները:
«ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ը զինված ուժերում իր մեկնարկն սկսեց գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումից: Նախապես տրված ժամանակում համապատասխան մեթոդական գրականության ու դիդակտիկ նյութերի միջոցով զորամիավորման ենթակա զորամասերի թիմերը հնարավորություն էին ունեցել նախապես պատշաճ մակարդակով նախապատրաստվելու մրցույթին:
Ողջունելի նախաձեռնությամբ են հանդես եկել ԵՊԲՀ ուսանողները, ովքեր ստեղծել են «Ապագա բժիշկները հայոց բանակին» նախաձեռնող խումբ և դիմել ՀՀ պաշտպանության նախարարին՝ ԶՈՒ զորամասեր և զորամասերի բուժկետեր այցելելու, առաջին բուժօգնության վերաբերյալ դասընթացներ կազմակերպելու թույլտվություն խնդրելով: Ընդ որում՝ նրանք պատրաստել են առաջին բուժօգնության ձևերին և մեթոդներին նվիրված ուսանողական ֆիլմ: Այս շաբաթ կայացել է ուսանողների առաջին այցը:
Ըստ նախատեսած պլանի՝ վերջերս Քաշաթաղի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը Բերձորի մարզադաշտում անցկացրեց թեթև աթլետիկայի շրջանային մրցումներ, որին մասնակցում էին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1, Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվան, Գետամեջի, Տիգրանավանի Պետրոս Ղևոնդյանի անվան և Ուռեկանի Գույումջյանի անվան միջնակարգ դպրոցների աշակերտները: Մրցումները կայացան ԼՂՀ ԿԱ Սպորտի պետական կոմիտեի աջակցությամբ: Ըստ կանոնակարգի, դպրոցականները մրցեցին հեռացատկում եւ 100, 400, 800 և 1500 մետր վազքում, ինչպես նաև փոխանցումավազքում: Յուրաքանչյուր դպրոց ներկայացնում էր 6 խաղացող՝ 4 տղա, 2 աղջիկ: