#05 (1023) 13.02.2014 – 19.02.2014
Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասի նորակոչիկները երբեք չեն մոռանա 2014թ. փետրվարի 2-ը: Հենց այդ օրը նրանք կատարեցին իրենց կյանքի ամենակարևոր քայլը, զինվորական երդում տվեցին: Այո՛, երիտասարդ տղաները իրենց ընկերների, հարազատների, հրամանատարների առջև հպարտորեն երդվեցին անգամ կյանքի գնով պաշտպանել հայրենիքն ու հայրենի սրբությունները:
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց, որոնք իրենց անձնազոհությամբ տեր կանգնեցին հայոց աշխարհին, և կայացավ փառավոր հաղթանակը: Հերոսներից շատերն ընկան ռազմի ճամփաներին ու հավերժ մնացին անմահ: Նման հավերժի ճամփորդ է ու սիրելի կերպար Պետրոս Ղևոնդյանը՝ հրամանատար Պետոն: Հունվարի 30-ին լրացավ քաջորդու 50-ամյակը, սակայն արդեն 20 տարի է, ինչ նա մեզ հետ է հոգեպես, իր սխրանքով ու անձնազոհությամբ: 1994 թվականի փետրվարի 14-ին Քարվաճառի Եղեգնուտ գյուղի մոտ վիրավոր ազատամարտիկին մարտադաշտից հանելու համար մարտիրոսվեց Պետոն: Ծնվել է 1964 թվականին ՀՀ Նաիրիի շրջանի Պռոշյան ավանում: Եղել է Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար: Հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով:
Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զինծառայողները, 2014 թվականին Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերից հետ չմնալով, սպարտակիադա են անցկացրել։
Մրցությունն անցել է 2 փուլով` 5 կիլոմետր դահուկներով մրցավազք և 4 անգամ 2,5 կմ էստաֆետ։ Ի տարբերություն Սոչիի օլիմպիականների` զինծառայողները մրցել են զինվորական համազգեստներով և հայրենական արտադրության դահուկներով։ Ռազմական դահուկներն ավելի կարճ ու լայն են։ Դրանք նախատեսված են դժվարանցանելի հատվածներում բեռները իրենց հետ տեղափոխելու համար։
Դար ու դարեր հզորագույն բանակ ունենալու ահավոր անհրաժեշտությունից պատրանքաթափ էինք լինում եւ դար ու դարեր մի նիհարիկ բանակ ունենալու ուժ եւ հնարավորություն չունեինք։ Ոչ միայն։ Չունեինք նաեւ զենք կրելու, զենք բանեցնելու իրավունք, այդ զենքը թաքցնելու համարձակ ճարպկություն։ Եվ, առաքինության հերոսի քղամիդն առնելով ուսներիս, պատսպարվեցինք «սուր վերցնողը սրից կընկնի» սխալմունքի մեջ, պաշտպանվեցինք այդ մխիթարանքով, որպեսզի ինքներս մեզնից չզզվենք։ Այդպես դատարկ ձեռքերով անզեն ինքնապաշտպանություն էինք ձեւացնում մատյան գնդերի, լեգեոնների, փաղանգների, նետողաց եւ շատ ուրիշ ենիչերիների դեմ։ Մերկ ձեռքերով՝ ինչպես կարատեում է լինում, զենք ու զրահի դեմ՝ ինչպես կարատեում չի լինում։ Իբրեւ հետեւանք մեր անզորության՝ դատապարտված էինք մեր թշնամուն դառնորեն ժպտալ՝ իբրեւ հաշտության ու խաղաղության հրավեր, որպես միակ ելք, որպես արքայական խոզությունից փրկվելու միջոց։
Նոր ուսումնական տարվա նախապատրաստական շրջանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանդիպումներ ունենալով զորամիավորումների, կայազորների սպայակազմերի հետ, հատկապես կարևորում էր վաշտերի (մարտկոցների) հետ տարվող աշխատանքը և զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների առջև խնդիր էր դնում ավելի ուշադիր լինել նշված ստորաբաժանումների հրամանատարների նկատմամբ և իրենց փորձից ելնելով՝ ցուցաբերել ամենօրյա գործնական օգնություն, որովհետև հենց այդ օղակներում են կյանքի կոչվում մարտական պատրաստության խնդիրները, ինչպես նաև այդ օղակներում են ձևավորվում կրթական, դաստիարակչական տարբեր պատրաստվածություն ունեցող զինծառայողների միջանձնային ե՛ւ դրական, ե՛ւ բացասական երևույթները, նրանց վերաբերմունքը զինվորական ծառայության և զորամասի՝ որպես իրենց ընդհանուր տան նկատմամբ: Իսկ գումարտակի հրամանատարը և ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող սպաները, որոնք ժամանակին վաշտերի (մարտկոցների) հրամանատարներ են եղել, պարտավոր են օգնել և իրենց փորձը փոխանցել զորամասերի հիմքը հանդիսացող ստորաբաժանումների երիտասարդ հրամանատարներին:
Մարտունակ բանակ ունենալու համար մեծապես կարևորվում է գրագետ և ռազմական գործի գիտակ կադրերի ապահովման խնդիրը: Սպայական կադրերի պատրաստման գործում մեծ ներդրում ունի ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչությունը:
1992 թվականին կազմավորված վարչությունն սկզբում լուծում էր սահմանափակ խնդիրներ՝ քաղաքացիական ԲՈՒՀ-երի ռազմական ամբիոնների վերականգնում, ապա ամբիոնների ուսումնական գործընթացի ղեկավարում և ուսանողների պատրաստում՝ որպես պահեստազորի սպաներ: Միաժամանակ ՊՆ համակարգում ՌՈՒՀ-երի ստեղծման և քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմագիտության ամբիոնում տեղի ունեցող ուսումնական գործընթացների ղեկավարման աշխատանքներ էին տարվում: