#25 (1043) 3.07.2014 – 9.07.2014
Յուրաքանչյուր ժողովրդի համար ազգային խորհրդանիշ կարող են լինել աշխարհագրական անունները, ազգային հերոսներն ու արքաները, դիցաբանական կերպարներն ու մշակույթի գործիչները։ Մեզ համար, Հայաստանի Հանրապետության զինանշանից ու դրոշից զատ, ազգային խորհրդանիշներ են նաեւ Մասիս սարը, մայր Արաքսը, Սեւանա լիճը, ինչպես նաեւ՝ Տիգրան Մեծը, Վարդան Մամիկոնյանը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Գրիգոր Նարեկացին, Անդրանիկը, Նժդեհը…
Անկասկած զորամասում ամենակարևոր անձը հրամանատարն է: Սա մի բարդ, աշխատատար ու հսկայական պատասխանատվություն պարունակող պաշտոն է, երբ ոչ բոլորն են կարողանում իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները լիովին, երբեմն նաև իրենց ուզածի պես դրսևորել: Ամեն դեպքում, երբ բանակի ղեկավարները՝ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը, զորամասի հրամանատարի պաշտոնում որևէ սպայի նշանակման հարց են քննարկում, ուրեմն այդ սպան իր անցած ճանապարհով, գիտելիքներով, փորձով ու աշխատաոճով արժանացել է վերադաս հրամանատարության ուշադրությանը:
Ռազմահայրենասիրական դաստիարակությանը մեր երկրում տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է հատկացվում: Կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ընթացքում մատաղ սերունդը ծանոթանում է հայրենի պետության պատմությանը, հերոսական անցյալին, մշակույթին, հաղորդակցվում հայրենիքին իրենց կյանքն ու գործունեությունը նվիրաբերած անհատների ոգուն և պատգամներին: Իրավամբ, ուսումնական հաստատություններում այդպիսի ծրագրեր իրականացնելը, դեռ դպրոցական տարիքից տղաների և աղջիկների մեջ հայրենասիրական վեհ գաղափարներ սերմանելը առաջնահերթություն են: Կիրառվում են նոր մոտեցումներ և մեխանիզմներ, սակայն դրանց թվում առաջնային տեղ է զբաղեցնում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը:
Հունիսի 28-ին մեկնարկեց Հայաստանում կազակական շարժման հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Տոնակատարություններն սկսվեցին Երևանի Քանաքեռ համայնքում տեղադրված 19-րդ դարի սկզբին ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ հայկական հողում հերոսի մահով ընկած ռուս կազակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ: Նույն օրը Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում կայացավ հանդիսավոր նիստ, որին մասնակցեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Բուլղարիայի կազակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հայկական 6-րդ ջոկատը (կոչվել է նաև հնչակյան 6-րդ խումբ) կազմավորվեց Կարակուրտում՝ գեներալ Բարաթովի գլխավորած ռուսական զորաջոկատի կազմում: Ջոկատը 1915թ. դեկտեմբեր – 1916թ. հունվար ամիսներին մասնակցեց Էրզրումի գործողությանը, 1916թ. փետրվար – մարտ ամիսներին գրավեց Էրզրումը: Նրա առաջին հրամանատարը ռուսական բանակի սպա, կապիտան Հ. Ջանփոլադյանն էր, իսկ քիչ ուշ նրան փոխարինեց պորուչիկ Գ.Ավշարյանը, որն էլ զոհվեց 1915թ. ամռանը, Շարյան գետի ափին ծավալված ռազմական գործողությունների ժամանակ: Ավշարյանին փոխարինեց Հայկ Բժշկյանը, ապա՝ Պանդուխտը:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը ժամանակին, Մարաղայի ողբերգության մասին խոսելիս, այն համարել է նոր Գողգոթա: 1992թ. ապրիլի 10-ի առավոտը Մարաղայում բացվեց ադրբեջանական հրոսակների անմարդկային ոճրագործությամբ: Մարաղան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հայերի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած էթնիկ զտումների համակարգված, հետեւողական շղթայի հերթական օղակն էր: «Ես երբեք չեմ մոռանա այդ ահավոր օրը, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Մարաղայի վրա: Մարաղայի բնակիչները լիովին անպաշտպան էին, նրանք գրեթե ոչինչ չունեին թշնամուն դիմակայելու համար: Ես տեսա երիտասարդ մի տղայի, որ փորձում էր ադրբեջանցիների տանկի դեմն առնել որսորդական հրացանի օգնությամբ: Մարաղայի սպանդի ամենադաժան տեսարաններից մեկը մարդկանց գլխատված մարմիններն էին:
Վաղուց էի ցանկանում երես առ երես զրուցել «Ամերիկահայ զինյալներ» հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Սուրուչլյանի հետ: Երբ նա առաջին անգամ ինձ նամակ գրեց համացանցով, հակասական զգացումներ ունեցա. խարտյաշ, կապուտաչյա երիտասարդ տղամարդն իր վեհաշուք (համարյա գեներալական) զինվորական համազգեստով, անթերի անգլերենով ու անհոգ ժպիտով ինձ ավելի շատ ամերիկյան բանակի սպայի հիշեցրեց, քան հայ զինյալի: Բայց ո՛չ թուրքական, ո՛չ ադրբեջանական լրատվամիջոցները, արի ու տես, իմ կարծիքին չէին: Նրանց խուճապահար հրապարակումներից տեղեկացա, որ Ամերիկայում հիմնադրվել է նոր ԱՍԱԼԱ… Որ մինչեւ ատամները զինված ավելի քան հազար հոգանոց մարտական ջոկատն սպասում է պատեհ առիթի՝ հասնելու Արցախ ու հողին հավասարեցնելու Ադրբեջանը: Եվ ահա Հովհաննես Սուրուչլյանը Հայաստանում է: Այգու բացօթյա սրճարանում իրենց հանգիստը վայելող մարդիկ սուրճը մոռացած միանգամից թեքվում են դեպի զինվորական համազգեստով տղամարդը ու հետաքրքրությամբ զննում նրա հագուստի տարբերանշանները, փորձում կռահել ո՞ր երկրի բանակից է եկվորը: