Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#51 (1069) 27.12.2014 – 2.01.2015

ԱՄԱՆՈՐԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մոտենում է Ամանորը և կրկին բոլորի շուրթերին սկսում է հոլովվել ժողովրդական հայտնի խոսքը` «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կընթանա ամբողջ տարին»:
Այո՛, այդպես է, բայց քչերին է բախտ վիճակվում դիմավորել գալիք տարին լեռներում, ամպերից վերև` թշնամուն այնքան մոտ, որ երբ զենքը ուսիդ կանգնած ես ամուր քո լեռներում` քեզ զգում ես և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես այնքան հզոր, Աստծուն այնքան մոտ:
Այդ սակավաթիվ երջանիկներից մեկն էլ ես եմ:

ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ԽՈՍՔԸ

Հայոց մեծերի համար Ամանորի տոնը միշտ էլ մի գեղեցիկ առիթ է եղել նորից խոսելու հարազատ ժողովրդի հետ, իմաստավորելու կյանքը, խորհրդածելու անցած եւ գալիք ճանապարհների շուրջ։ Եվ ծնվել են խոսքեր, գրվել տողեր, որոնք այսօր էլ հնչում են նույն իմաստնությամբ՝ ճանաչել տալով ոչ միայն մեծերին, այլեւ ինքներս մեզ։ Հետաքրքիր է, ի՞նչ են մտածել, ինչպե՞ս են Ամանորը տեսել մեր մեծերը երկրի, ժողովրդի եւ իրենց իսկ կյանքի տարբեր ժամանակահատվածներում։

Դարեր շարունակ Նավասարդը համարվել է հայոց սրբազան տարեգլուխը։ Տոնահանդեսները եղել են այնքան բազմամարդ, որ կոչվել են «Համաշխարհական»։ Դրանց մասնակիցները՝ ժողովուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգեւորական դասը, հանդիսավոր երթերով խմբվել են Տարոն եւ Բագրեւանդ գավառների սահմանագլխին, սրբազան Արածանի գետի ափին, Նպատ լեռան շուրջը՝ զոհաբերումներով, նվիրատվություններով, երգ-երաժշտությամբ, խրախճանքներով նշելու նավասարդյան տոնը։ Հանդիսություններն ուղեկցվել են թատերախաղերով, ռազմախաղերով, մրցություններով, որսորդական զվարճություններով։ Այնուհետեւ հայերը շարժվել են դեպի Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի տաճար՝ նշելու Նոյ նախահոր եւ Ջրհեղեղի, Արամազդ աստվածահոր եւ Անահիտ աստվածամոր «ամանորի ամենաբեր դիցերի» նվիրական հիշատակները։

Բոլոր եվրոպական եւ բազմաթիվ այլ երկրներում Նոր տարին կամ տարվա առաջին օրը, այլ խոսքով՝ տարեգլուխը, համարվում է հունվարի 1-ը։
Հայերը հունվարի 1-ը տարեգլուխ են ընդունել 18-րդ դարից, Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի տոմարով։ Դրանից դարեր առաջ հայերը տեւական ժամանակ տարեգլուխ են համարել հայկական հին տոմարի առաջին ամսվա՝ Նավասարդի առաջին օրը, որը նոր տարով համընկել է օգոստոսի 11-ին։ Սակայն, ըստ առանձին անձանց կազմած տոմարների կամ պարբերաշրջանների՝ սահմանվել են նաեւ այլ տարեգլուխներ։

Ժամանակագրությունը գիտություն է պատմական ժամանակը որոշելու մասին։ Ժամանակագիրն այդ պատմական ժամանակի դեպքերն ու իրադարձությունները հիշատակող, արձանագրող հեղինակն է։ Հայ իրականության մեջ զուտ ժամանակագրական երկեր տարբեր ընդգրկումներով ստեղծվել են 12-19-րդ դարերում։

Մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսերից հայերն սկսել են օգտվել արեգակնային օրացույցից եւ տարին բաժանել 12 հիմնական եւ 1 լրացուցիչ ամսվա, որը կոչվել է Ավելյաց։
Հիմնական ամիսները կրել են հետեւյալ անունները. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան (Մեհեկի), Արեգ, Ահեկան (Ահեկի), Մարերի, Մարգաց, Հրոտից։ Նավասարդ նշանակում է Նոր տարի։ Մյուս ամիսները, ինչպես նկատում ենք, կրում են աստվածների անուններ կամ էլ անուններ՝ կապված եղանակի եւ գյուղատնտեսական աշխատանքների հետ։

5-9-րդ դարերում Հայաստանի կառավարիչների կոչումը (պաշտոնը) եղել է Հայոց իշխան։ Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչները 5-6-րդ դարերում նույնպես կոչվել են Հայոց իշխան, Բարձր Հայքի կառավարիչը՝ Մեծ Հայքի իշխան։
591թ., երբ Հայաստանի մեծագույն մասն անցավ Բյուզանդիային, կառավարիչները կոչվել են նաեւ Պատրիկ Հայոց։ Հետագայում շրջանառության մեջ է դրվել «Իշխանաց իշխան» կոչումը (9-րդ դար)։