#08 (1077) 5.03.2015 – 11.03.2015
Նժդե՛հ, քո վերջին պատերազմից համարյա դար է անցել, և դեռ կռվում է հայ զինվորն իր հայրենիքի համար: Նա կռվում է քո խոսքերի առաջ՝ իր պատասխանատվությունը հոգում կրելով: Նա կռվում է արիաբար ու իր սրտի վերջին թխկթխկոցի ելևէջների տակ, գուցե հիշում քո պատգամ-իմաստնությունը՝ «Արի է նա, ով իր մեջ սպանել է կաշվի համար դողացող անասունը»:
Երեւանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Էդուարդ Խաչիկյանի հերթական` «Երբ արեւը մայր մտավ լուսաբացին» գրքի շնորհանդեսը:
Գրքում արտացոլված է շապինգարահիսարցիների հերոսամարտը: Վեպի սյուժեն հիմնված է իրական փաստերի վրա. հեղինակն օգտվել է մի շարք փաստավավերագրական աղբյուրներից:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ վերահրատարակվել է Վլադիմիր Պետրոսյանի «Էնվերի վերջը» գիրքը: Այն փաստավավերագրական մի պատմություն է հայ ժողովրդի մեծ զավակներից մեկի՝ Հակոբ Մելքումյանի սխրանքի մասին, որը մեր պատմության մեջ կմնա որպես հայ ժողովրդի դահիճ Էնվեր փաշայի 40 հազարանոց բանակը ոչնչացրած հմուտ զորավար:
Արտավազդ Փելեշյանի անունը բոլոր ժամանակների աշխարհի լավագույն 100 ռեժիսորների և 10 վավերագրողների ցանկում է:
Տարածական մոնտաժի հեղինակն ու գյուտարարը համաշխարհային կինոյում ուղղակի հեղաշրջում արեց` ջնջելով մոնտաժի ընդունված չափանիշների սահմանագիծը, ցույց տալով մոնտաժի գեղագիտական արժեքը:
Նրա «Իմ կինոն» և «Տարածական մոնտաժ» գրքերը կինոյի տեսական գիտելիքների շտեմարաններ են: Սերգեյ Գերասիմովի, Ձիգա Վերտովի, Սերգեյ Էյզենշտեյնի աշակերտը կինոմտածողության ու կինոզգացողության ճշգրիտ հաշվարկներով գերազանցեց իր վարպետներին:
Ձեռքս վերցնելով Հակոբ Հարությունի «Կապույտ հազ» գիրքը` ակամայից կարոտալի մանկությանս հոգեհմա զգացողությունն ունեցա: Ինձ թվաց` բարձրանում եմ ծննդավայրիս Կապույտ խաչ բարձունքը, որտեղ կապույտ հազ բուժող մատուռն է` իր խաչքարով: Հիշեցի, թե ինչպես մատուռի լուսամուտից կապույտ հազով հիվանդին երեք անգամ անցկացնում էին, հետո նրա շորերից կտրում, կապում էին մատուռի մոտ աճած չայլուից:
Անձրևաբեր ամպերը եկել-կախվել են գյուղի վրա: Մառախուղ է պատել չորս դին: Գարուն էր, ու գարնան հետ անկողին էր ընկել Նունուֆար տատը, որին մեծ ու փոքր գյուղում Նունո տատ են ասում: Ծնվել է դարասկզբին Հայոց ձորի շուրթին թառած Խերք գյուղում: Ապրած երկար տարիներից, որոնք սպիներ թողեցին տատի հոգում, մաշվել են ոսկորները, ականջները մի քիչ ծանրացել: Տարիներն անտեսանելի կորացրել են գեղեցիկ հասակը, գլխաշորի տակ խնամքով թաքցված երկար վարսերը դարձել են ճերմակ- ճերմակ՝ իր մանկության տարիներին Հայոց ձորը ծրարող ձյան նման: Անգամ չնչին թվացող մանրուքները նա հիշում է, պատմում: