#38 (1107) 1.10.2015 – 7.10.2015
Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք քաղաքացիական զոհեր և 1994 թ. մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանու օգտագործումը, առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը, ինչպես արդեն նշել ենք, լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը:
Շնորհակալ եմ նախագահ Օբամային՝ միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության այս գագաթաժողովը նախաձեռնելու համար:
Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը և դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն և խոցելի:
Միջազգային խաղաղապահության բնագավառում վերջին 10-11 տարիների ընթացքում մեր ձեռք բերած փորձը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների մոտ մեր խաղաղապահների` որպես վստահելի և պրոֆեսիոնալ զինակցի վաստակած հարգանքը, հիմք են հանդիսացել, որ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմեն Հայաստանին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով: Սա է նաև պատճառը, որ Հայաստանն ընդգրկվել է մոտ չորս տասնյակ երկրների ցանկում, որոնք հրավիրվել են գագաթաժողովին:
Անցած շաբաթ «Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան էջի օգտատերերի ուշադրության կենտրոնում էր մայոր Արսեն Աղեկյանի հեղինակած` «Ձեռքս չէր դողում…» վերնագրով նյութը, որը պատմում էր հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը վիժեցրած շարքային Հայկ Հակոբյանի սխրանքի մասին:
Օրերս հայոց բանակի նորաստեղծ հրթիռահրետանային զորամասերից մեկը տոնեց իր ծննդյան չորսամյա տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, հրթիռային զորքերի և հրետանային վարչության բաժնի պետ, գնդապետ Հարություն Խաչատրյանը, բարձրաստիճան այլ հրամանատարներ, պետական, հասարակական, կրթական կառույցների ներկայացուցիչներ:
Ադրբեջանի սանձարձակ պահվածքն այլևս ոչ մեկին չի զարմացնում, սակայն հրադադարի հետզհետե լկտիացող խախտումներն ու այդ ընթացքում հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափի խոշորացումը, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, վկայում է նրա ծրագրերի ձախողման մասին:
Ազգային բանակի հակաօդային պաշտպանության զորքերը տարիներ շարունակ առանձնանում են մարտական պատրաստականության բարձր աստիճանով: Համակարգի զինծառայողներն իրենց մարտունակությունն ստուգում են ինչպես ԱՊՀ երկրների հակաօդայինների հետ համատեղ զորավարժությունների ժամանակ, որոնք տեղի են ունենում ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում, որտեղ կան հեռահար հրթիռներով մարտական հրաձգություն կատարելու բոլոր պայմանները, այնպես էլ տեղում՝ հրամանատարաշտաբային, ավիացիայի շրջաթռիչքների, մարտավարական զորավարժությունների, վերադաս հրամանատարության առաջադրած խնդիրների կատարման և այլ միջոցներով: