Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (1114) 19.11.2015 – 25.11.2015

ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ

108 դպրոցը, որտեղ պետք է հանդիպեի զինղեկ, գնդապետ Նիկոլայ Ավանեսյանին, Երևանի արվարձանային Սիլիկյան թաղամասում է: Երբ մեքենան մոտեցավ, նկատեցի կոկիկ, բարեկարգ դպրոցի շենքը: Բակում ինձ դիմավորեց բարեհամբույր դեմքով և զինվորական համազգեստով, ձիգ ու պատկառանք ներշնչող զինվորականը: Շենքը ներսից էլ բարեկարգ էր ու գեղեցիկ: Մինչև դասն սկսվելը մի քանի րոպե կա, և զինղեկն ինձ ուղեկցում է ՆԶՊ դասասենյակ: Ընդարձակ, լուսավոր սենյակի բոլոր անկյուններն ու պատերը կարծես խոսում են՝ ցուցապաստառներով և դիդակտիկ բոլոր անհրաժեշտ նյութերով: Սենյակի անկյուններում և պատուհանագոգերում փթթում են ծաղիկները: Մի անկյունում էլ «կանգնած» է հակագազով և դաշտային զինվորական համազգեստով մանեկենը: Իսկ զինղեկ Ավանեսյանը այնպիսի ոգևորությամբ է սկսում ներկայացնել իր «տնտեսությունը», որ ինձ ակամա զգում եմ նրա աշակերտներից մեկը: «Ահա, նայե՛ք, այստեղ էլ մեր զենքի պահոցն է»,- նրա հպարտությունն ակներև է: Փոքրիկ սենյակի պատերի յուրաքանչյուր թիզ մաքուր է, կոկիկ և ճաշակով է օգտագործված: Թվում է՝ մտել ես թանգարան, որը հենց նոր մանրազնին ստուգման է ենթարկվել: Բացում է ճաղավանդակը և անթաքույց հպարտությամբ հատ-հատ ներկայացնում պահվող զենքերը:

ԴԻՐՔԻ ՏԵ՛ՐԸ

Ուշադիր նայե՛ք զինվորի դեմքին: Ի՞նչ եք տեսնում: Ասեմ՝ ո՛ւժ, վճռականությո՛ւն, համարձակությո՛ւն, ինքնավստահությո՛ւն: Լրջախոհությո՛ւն եւ զսպվածություն: Կռվելու եւ հաղթելու կամք: Հենց այսպիսին է լինում սեփական գործը լավ իմացող, հոգեբանորեն եւ մասնագիտորեն գերազանց պատրաստված զինվորականը: Չափազանց խոսուն է նրա դեմքի արտահայտությունը՝ ես այստեղ կանգնա՛ծ եմ, ե՛ս եմ այս բարձունքի տերը:
Նկարում դիրքի ավագ, պայմանագրային ավագ սերժանտ Արման Նալբանդյանն է: Ավարտել է ուսումնական բրիգադում անցկացվող պայմանագրային սերժանտների դասընթացները: Շուրջ 8 տարի է ծառայության մեջ: Իր խորհրդով նաեւ երկու եղբայրներն են անցել զինվորական պայմանագրային ծառայության. դասակի հրամանատարի տեղակալներ են:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՆԱԵՎ ՄԱՐԶԻԿ Է

Զինված ուժերի ֆիզիկական պատրաստության ընդհանուր խնդիրները լուծելու համար դեռեւս 1996 թվականին պաշտպանության նախարար, լուսահոգի Վազգեն Սարգսյանի հրամանով համակարգի ներսում ստեղծվեց ֆիզիկական պատրաստության բաժինը, որը բաղկացած էր ֆիզիկական պատրաստության, սպորտի եւ մարզական աշխատանքների, նյութատեխնիկական բաժանմունքներից եւ գործավարությունից: 2014 թվականի վերահայտավորումից հետո այն վերանվանվեց որպես ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժին: Կազմավորման օրվանից բաժնի ղեկավարումը իրականացնում էր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, իսկ ներկայումս այն ղեկավարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: