#5 (1276) 13.02.2019 – 19.02.2019
«ԶԻՆՈՒԺ ՄԵԴԻԱ» նոր անվանումով ու միավորված՝ ՊՆ «Հայ զինվոր» հանդեսը, «Զինուժ» հեռուստածրագիրը և «Ասպար» ռադիոհաղորդումը շարունակելով ու ավելի հարստացնելով իրենց ավելի քան 25-ամյա ավանդույթները, արդեն մեկ տարի հայ հասարակությանն են ներկայացնում բանակի անցուդարձը, պատմում են առաջնագիծը պաշտպանող զինվորի ու սպայի առօրյայի, հոգսերի ու ձեռքբերումների, դժվարությունների ու հաղթանակների մասին, խոսում պաշտպանական համակարգի խնդիրներից, արծարծում համազգային նշանակության հարցեր:
Հրետանային ուսումնական կենտրոնում տոնական օր է. նորակոչիկների երդման արարողության առիթով կազմակերպված հանդիսավոր միտինգը առանձնակի ուրախ ու հուզումնալից արարողություն է բոլորի համար՝ թե՛ զորամաս նոր ոտք դրած երիտասարդների, թե՛ զորամասի հրամանատարության ու ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպող անձնակազմի և թե՛ հարազատների համար:
Հայոց աշխարհի հյուսիսարեւելյան սահմանագոտում ենք՝ գնդապետ Վահե Ավագյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Շրջում ենք զորամասում, հետեւում ծառայողական անցուդարձին:
Հրապարակը լեփ-լեցուն էր: Բոլորն անհամբեր սպասում էին: Օդում կախված էր հուզախառն հպարտության զգացողություն, և այդ զգացողությունը համընդհանուր էր. բոլորն էին հուզված, բոլորն էին հպարտ: