Թերթ
Վիետնամի պատերազմը ԱՄՆ-ի դեմ սկսվել է 1961թ. և ավարտվել 1975թ. ապրիլի 30-ին: Վիետնամցիներն այն կոչում են Ազատագրական կամ Ամերիկյան պատերազմ, որը ամերիկացիներն իրենց երկրի պատմության ամենամութ էջն են համարում, և որն էլ իր հերթին Վիետնամի պատմության երևի թե ամենահերոսական ու ողբերգական էջն է: Վիետնամական պատերազմը միաժամանակ և քաղաքացիական պատերազմ էր ներսի զանազան քաղաքական ուժերի միջև, ինչպես նաև զինված պայքար ամերիկյան բռնազավթման դեմ:
Շվեյցարիան դադարեցրել է ռազմական մատակարարումները Արաբական Միացյալ Էմիրություններ և հետ է վերցրել նախկինում տրամադրված արտոնագրերը: Շվեյցարական իշխանությունները այս քայլին գնացել են այն բանից հետո, երբ երկրի թերթերից մեկը հրապարակել է սիրիական քաղաքներից մեկում արված մի լուսանկար, որում պարզ երևում է շվայցարական արտադրության նռնակ: Շվեյցարիան 1998թ. այլևս ռազմական արտադրանք չի մատակարարում Սիրիա: Հավանաբար նռնակը ԱՄԷ-ին հատկացված խմբաքանակից է: 2003թ. այդ երկիրը ստացել է ավելի քան 200 հազար նռնակ: Այժմ քննություն է ընթանում, որի ավարտից հետո միայն բոլոր մատակարարումները կվերականգնվեն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է լրավճարներ սահմանել դիպուկահարների պատրաստություն իրականացնող քաղաքացիական մասնագետների համար: Ամենամսյա լրավճարը կկազմի մոտ 40 000 ռուբլի: Գումարը կստանան դիպուկահարների մասնագիտացված դպրոցների և վերապատրաստման դասընթացների մեթոդիստները, դասախոսները, հրահանգիչները, ինչը թույլ կտա զինված ուժերի համար անհրաժեշտ մասնագետներ ապահովել քաղաքացիական և զորացրված զինծառայողների կազմից:
Իսրայելական ընկերություններից մեկը ներկայացրել է ձեռքի նռնակի տեսքով պատրաստված ռադիոխանգարումների գեներատոր, որը նախատեսված է ռադիոպայթուցիչները, այդ թվում՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերը փակելու համար: Ուսումնասիրելով մարտական գործողությունների վարման տարբեր դրվագներ` նոր զինամթերքի ստեղծողները պարզել են, որ հաճախ մեծ վտանգ են ներկայացնում չուսումնասիրված շինությունները, կայանված ավտոմեքենաները և այլն, քանի որ դրանցում հաճախ ռումբեր են տեղադրված լինում:
Ամերիկյան Raytheon ընկերությունը ցուցադրել է ավիառումբերի կառավարման Enhanced Paveway II անլար տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս սովորական ավիառումբերը դարձնել կառավարելի տեղադրվող անլար ընդունիչի և օդաչուի խցիկում գտնվող հաղորդիչի միջոցով: WiPAK անվանումը ստացած տեխնոլոգիան ունիվերսալ է և կարող է տեղադրվել ցանկացած ինքնաթիռի վրա:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը գերգաղտնի հետախուզական արբանյակ են դուրս բերել ուղեծիր: Որոշ աղբյուրներ նշում են, որ դա անտեսանելիության տեխնոլոգիայով պատրաստված արբանյակ է, որը գրեթե անհնար կլինի հայտնաբերել, իսկ մեկ այլ ուղեծրով կթռչի արբանյակի նմանակը` շեղելով ուշադրությունը իրական օբյեկտից: Նշվում է նաև, որ այն նախատեսված է բալիստիկ հրթիռների փորձարկումների ժամանակ ռադիոտվյալների կալանման համար:
Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները ավելի մեծ ազատություն կստանան արտասահմանյան պատվիրատուների հետ գործարքներ կնքելիս: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ անհրաժեշտ է ավելի ակտիվորեն գումարներ վաստակել նախկինում արտասահման մատակարարված տեխնիկայի նորոգման և սպասարկման միջոցով, որին խանգարում է համաձայնեցումների չափազանց բարձր մակարդակը: Պատվիրատուների պաշտոնական դիմումների ուսումնասիրությունը, պայմանագրերի նախապատրաստումը, թղթաբանական քաշքշուկը շատ երկար են տևում: