Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

C-500 ՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ` ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ

Առաջին C-500 զենիթահրթիռային համալիրները ռուսական զինված ուժերը կստանան նախատեսվածից ավելի շուտ` 2013թ.: Նախկինում նշվում էր, որ փորձարկումները կավարտվեն 2015թ.: Նոր համալիրների մասին շատ տվյալներ առայժմ չկան: Հայտնի է, որ դրանք ավելի կոմպակտ և շարժունակ կլինեն, քան C-400-ները, կգերազանցեն դրանց տարբեր աերոդինամիկ և բալիստիկ թիրախներ խոցելու կարողությամբ: C-500-ը կունենա ավելի հզոր ռադար, որը նշանակետեր կհայտնաբերի 800-900 կմ հեռավորության վրա:

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ԳՆՈՒՄ

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը ռուսական «Рособоронэкспорт» ընկերության հետ պայմանագիր է ստորագրել ցամաքային զորքերի համար տարբեր տեսակի զինամթերք գնելու վերաբերյալ: Հնդիկ զինվորականները ցանկանում են լրացնել առկա զինամթերքի պակասը, որ չի կարողանում անել երկրի ռազմարդյունաբերական համալիրը:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱՄՆ իշխանությունները տուգանել են ամերիկյան United Technologies Corp. (UTC) ընկերությանը 75 միլիոն դոլարով` Չինաստան ավիացիոն շարժիչների անօրինական մատակարարումների համար: Մասնավորապես, Չինաստանը շարժիչներ է ստացել Z-10 հարվածային ուղղաթիռների համար: Ներկայումս Չինաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները, որ մտցվել են 1989թ. Պեկինում բողոքի ցույց անցկացնող ուսանողների գնդակահարությունից հետո, արգելում են այդ երկրին մատակարարել ռազմական նշանակության ցանկացած արտադրանք: Ռազմական կամ երկակի նշանակության արտադրանք մատակարարելու անհրաժեշտության դեպքում ամերիկյան ընկերությունները պարտավոր են համապատասխան արտոնագիր ստանալ:

ԶԻՆԱՄԹԵՐՔԸ ԿՊԱՀՎԻ ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ

Մոսկովյան մեքենաշինական փորձարարական գործարանը մշակել է տարբեր տիպի զինամթերքի պահպանման և տեղափոխման համար նախատեսված գերամուր չվառվող արկղեր: Դրանք պատրաստվում են պոլիմերային և կոմպոզիցիոն նյութերից: Արկղերի պատերը դիմանում են մինչև 15 րոպե տևողությամբ կրակի ուժգին ներգործությանը, անկախ արտաքին ջերմաստիճանի բարձրացումից տվյալ ժամանակահատվածում ջերմաստիճանը ներսում կայուն է մնում: Դրանք կարող են ընկնել 2 մետր բարձրությունից բետոնե ծածկույթի վրա` չվնասելով պարունակությունը:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆՈՐ ՎԱՐԺԱՍԱՐՔԵՐ ԿՍՏԱՆԱ

Ռուսական զինված ուժերի մոտոհրաձգային ստորաբաժանումները կստանան մարտական գործողությունների մոդելավորման «Комбат» վիրտուալ վարժասարքեր: Առաջինը նման վարժասարք կստանա Մոսկվայի մերձակայքում տեղակայված 5-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը: Նոր վարժասարքը մի քանի սենյակի տարածք է զբաղեցնում, ունի ավտոմատացված աշխատանքային տեղեր և մոնիտորներ: Այն կարող է կրկնել ռազմական տեխնիկայի շարժման դինամիկան:

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ ԶԻՆՎՈՐՆ Է

Պատերազմի վտանգը միշտ ակնառու է։ Մենք երբեք չենք բացառում պատերազմը։ Մենք ամեն օր, ամեն ժամ պատրաստ ենք ընդունելու մարտահրավերը, միևնույն ժամանակ՝ ամեն ինչ անելով, որ պատերազմ չլինի։ Պատերազմը կանխելու ամենաերաշխավորված և արդյունավետ ձևը ուժերի հարաբերակցությունը պահպանելն է և Ադրբեջանին զրկելը պատերազմը հօգուտ իրեն ավարտելու հույսից։ Որքան էլ Ադրբեջանն այսօր խոսի իր բանակի հզորությունից, բանակի կատարելագործման համար ծախսվող գումարներից և հոխորտա՝ առասպելներ պատմելով իր բանակի մարտունակության մասին, մենք առանց բարձրագոչ հայտարարությունների պահպանում ենք ուժային հարաբերակցությունը՝ առաջին հերթին մեր զորքերի մարտունակության, առաջնագծում հմուտ գործողությունների, ինժեներական կառույցների մշտական կատարելագործման և բազմաթիվ այլ հուսալի նախադրյալների շնորհիվ։

ԹԻԿՈՒՆՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Բանակում չկան մեծ ու փոքր խնդիրներ, կարևոր և նվազ կարևորություն ունեցող զորատեսակներ, զորամասեր, ստորաբաժանումներ, իսկ թիկունքի ծառայության կարևորությունը, պարզապես, անհնար է գերագնահատել։ Ուշացավ զինվորի ճաշը, կամ ժամանակին տեղ չհասան տեխնիկային անհրաժեշտ վառելանյութն ու զինմթերքը, ուրեմն վտանգված է մարտական գործողության հաջողությունը։ Ինչպես ազգային բանակի մյուս զորատեսակները, թիկունքային ծառայությունն էլ սկսեց ձևավորվել Արցախյան ազատամարտի ծանր օրերին, միջոցների, հնարավորությունների, մասնագետ կադրերի գրեթե իսպառ բացակայության պայմաններում։