Թերթ
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ հունվարի 25-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հոբելյանական գիտաժողով, որին մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ ռազմահայրենասիրական բնույթի հրատարակությունների և Արցախի վերաբերյալ լուսանկարների ցուցադրություն:
ՀՀ զինված ուժերի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան, հանդիպեց դասախոսների և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժորժ Սմեսոֆը: Ողջունելով նախարարին` համալսարանի ռեկտոր տիկին Ժոել Լը Մորզելեկը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել մի մարդու, ով կռվել է հանուն հայրենիքի:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանի գլխավորությամբ եւ նախաձեռնությամբ վարչական շրջանի տասնյակ բնակիչներ հունվարի 29-ին այցելեցին ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը՝ տեսնելու եւ բանակի 20-ամյակի կապակցությամբ շնորհավորելու իրենց զինվոր որդիներին: Նրանց էին միացել նաեւ Երեւանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսար գնդապետ Մաթեւոսյանը, ԶՈՒ վետերանների կոմիտեի եւ միավորման անդամ, ռազմահայրենասիրական դաստիարակության հանձնաժողովի նախագահ գնդապետ Ռ. Բախշյանը, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Հայկական Թամանյան դիվիզիայի անվան զորամասի հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Ռուբիկ Միքայելյանն այն ինը հայորդիներից է, որի անձնական նվաճումը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։ Ռուբիկը, որ զբաղվում է սամբո ըմբշամարտով եւ բանակ է զորակոչվել անցած տարվա գարնանը ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտն ավարտելուց հետո, պառկած դիրքից 6500 արտակորում («փորի պրես») էր կատարել 2011թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի առթիվ։
Հայոց ազգային բանակը 20 տարեկան է։ Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների շքահանդես է ողջ հանրապետությունում։ Երեւանի N 77 դպրոցում բաց դաս է. բանակային թեմաներով երգն ու ասմունքը հաջորդում են միմյանց։ Աշակերտները սիրով եւ ոգեշնչված ներկայացնում են հայկական բանակի անցած դժվարին, կորուստներով լի, բայց պատվաբեր ճանապարհը. «Իրոք, հրաշքի էր նման բանակի ծնունդը («Բանակի ամեն օրը ծնունդ է, մեր բանակը մշտարթուն, ձեռքբերումներով լի, երբեք չհոգնող, չհանգստացող կառույց է»-Վազգեն Սարգսյան)։ Սկզբում, ամենասկզբում սովորական, պարզունակ հրացաններով զինված կամավորական ջոկատներ էին, այսօր արդեն կայացած, հզոր, ռազմական տեխնիկայով հագեցած բանակ, որն ամուր պատվար է մեր անկախության պաշտպանության գործում…»։
Մեր զորամասը իրականացնում է մարտական հերթապահություն` պահպանելով պետական սահմանի որոշակի հատված: Զորամասում մարտական հերթապահության կրումը բաժանվում է մի քանի փուլերի. նախ ընտրվում է անձնակազմը, ապա կատարվում է շարային ստուգատես, որի ժամանակ ստուգվում են զինվորին ամրակցված սպառազինության և տեխնիկայի սարքինությունը, մաքրությունը, զինվորի արտաքին տեսքը, պարտականությունների իմացությունը և այլն, ապա` մեկնում մարտական հերթապահության կրման վայրեր:
Անդրանիկ Օզանյանի անվան զորամասը ՀՀ բանակի 20-րդ տարեդարձն սկսել է նշել հունվարի 26 – ից, տարեդարձի առթիվ զորամասի սպաներն ու սերժանտներն արժանացել են ՀՀ ՊՆ հոբելյանական հուշամեդալների: Տոնի առթիվ զորամաս են այցելում հյուրեր` այդ թվում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ծնողներ, զորամասի նախկին զինծառայողներ: Սպասվում է «Սյունյաց արծիվներ» ՀԿ-ի, ԵԿՄ անդամների այցելությունը: