Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 16-17 – Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ՌԴ ՊՆ միջնորդությամբ քննարկում են 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության կիրառման կարգին վերաբերող փաստաթուղթը. հայկական կողմը ստորագրում է այն, իսկ Ադրբեջանը՝ հետաձգում:
Հուլիսի 7 – Մինսկի խմբի նիստի ժամանակ ԼՂՀ պատվիրակությունը կտրականապես մերժում է հակամարտության գոտում թուրքերի մասնակցությամբ խաղաղարար ուժեր տեղակայելու առաջարկը:

ՀԵՐՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

Խորհրդային Միության հերոս Սուրեն Առաքելյանի թոռան՝ արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանի համար Հայաստանի Հանրապետության անկախության օրը կրկնակի խորհուրդ ունի։ 68 տարի առաջ՝ 1943թ. սեպտեմբերի 21-ին, ֆաշիստական զորքերից Անապայի ազատագրության մարտերում արիաբար զոհվեց ու հերոսացավ Սուրեն Առաքելյանը։ Այս տարի սեպտեմբերի 21-ին Վազգեն Առաքելյանը Անապայում էր, գնացել էր ծաղիկներ դնելու պապի հուշարձանին, ոգեկոչելու նրա հիշատակը եւ Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի ավետիսը տանելու հերոս հայորդուն։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՕՐՆ Է

Հոկտեմբերի 10-ը հայկական բանակում նշվում է որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր: Զորատեսակի առաջին ստորաբաժանումն ստեղծվել է 1992թ. սեպտեմբերի 14-ին (հրամանատար` կապիտան Օ.Խաչատուրյան), իսկ հոկտեմբերի 1-ին կազմավորվել է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը (բաժնի պետ փոխգնդապետ Մ. Հայրապետյան) և հաշվարկա-վերլուծական կայանը: Հետագայում բացվեցին նաև այլ զորամասեր և մասնագիտական տեխնիկայի վերանորոգման վաշտեր: Ստորաբաժանումներն անհրաժեշտ կադրերով համալրելու հարցը լուծվեց խորհրդային բանակից տեղափոխված հայազգի սպաներով ու ենթասպաներով, ինչպես նաև հանրապետությունում պահեստազորից մասնագետներ զորակոչելով:

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Սեպտեմբերի 4-24-ը ՀՀ ԶՈՒ 15 զինծառայողներից կազմված զորախումբը մասնակցեց Գերմանիայի հարավ-արեւելքում գտնվող Գրավենվեր ամերիկյան ռազմակայանում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կազմակերպած «Համատեղ ձգտում- 2011» կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զորավարժությանը:
«Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակը կապի, ռադիոսարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում:

Պատերազմ էր… Երազում մեր աքաղաղն առանց փետուրների բարձրացել էր մեր տան կտուրն ու փորձում էր ծուղրուղու կանչել։ Ձայնը դուրս չէր գալիս։ Հետո, երբ մեկ անգամ էլ փորձեց կանչել, մեր տան պատը փուլ եկավ, ու փոշու ամպեր բարձրացան երկինք։ Ես վեր թռա, արթնացրի ամուսնուս ու պատմեցի երազը։ Քունը փախել էր մեր աչքից։ Հագնվել ու սպասում էինք լուսաբացին։ Լուսադեմին լսվեց աքաղաղի ծուղրուղուն։ Այդ կանչը նման չէր նրա ամեն օրվա կանչին։ Օրը չէր կիսվել, երբ հասավ որդուս՝ Գրիգորի զոհվելու բոթը…

1915թ. հին Բայազետը՝ բոցերի մեջ։ Ու այդ բոցերից փրկված որբի ճակատագրով ապրել էին Սիրեկանն ու Ասանեթը։ Ամուսնացել էին, տուն-տեղ դրել, սակայն տունը կարոտ էր մնացել մանկան ճիչի։ Աստվածահավատ, 65-ամյա Սիրեկանն ու 50-ամյա Ասանեթը մի օր էլ վաղ գործի գնալիս, հիմնարկի դռան առաջ տեսնում են բարուրով փաթաթված մի երեխա։ Ուրախությունից արտասվում, տուն են բերում եւ, ի պատիվ Րաֆֆու, անվանակոչում Սամվել։ Սամվելը մեծացավ, ամուսնացավ։ Հարսը՝ Ռիտան, ծերունիներին պարգեւեց երեք թոռ՝ Արմեն, Արթուր, Լիանա։

ՄԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՏ

Հրադադարը նոր էր հաստատվել։ Երդման արարողությունից հետո ծնողներն ու հարազատներն իրենց զինվոր որդիների հետ ծառերի ստվերում սեղան էին գցել ու աշխույժ զրույցի բռնվել։ Սեղաններն առատ էին. պարզ էր, որ վերադառնալով՝ նրանք օրեր շարունակ ապրելու են նեղության մեջ, սակայն առանց զավակին կերակրելու հայ ծնողի կոկորդից պատառը ներքեւ չի գնա։ Ու սեղանի համեղ պատառներն այսուայն կողմից փոխանցվում էին զինվորներին։ Մի քանիսի ծնողներն ինչ-ինչ պատճառներով չէին եկել, սակայն եկած ծնողներն ու կարանտինում արդեն ընկերություն հաստատած տղաները նրանց «ստիպելով», համոզելով բերել էին իրենց սեղանների մոտ։