Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՀԱՅ ՄԱՅՐԵՐ

Գեւորգն իր ընկերների հետ ճեղքեց ազերիների դիմադրությունն ու սեպի նման խրվեց նրանց դիրքերը։ Շրջափակման օղակը գնալով սեղմվեց։ Մի քանի ժամ անց, երբ համալրված ջոկատը նետվեց գրոհի, ազերիները զոհեր տալով՝ նահանջեցին։ Տղաները զոհվածների մեջ փնտրեցին իրենց ընկերներին եւ սարսափից քարացան, երբ տեսան Գեւորգի դին։ Հայ քաջորդին գրեթե անճանաչելի էր դարձել։ Ազերիները դաժան ու անմարդկային էին վարվել։ Հուղարկավորության 7-րդ օրը վրեժով լցված ընկերները գյուղ բերեցին թշնամու մի զինվորի։ Գեւորգի սեւազգեստ մայրը նոր էր եկել գերեզմանատնից։ Աչքերը թաց էին։ Մոտեցավ, երկար, անձայն նայեց գլխահակ գերուն ու դառնալով որդու մարտական ընկերներին՝ արցունքի գլորվող կաթիլների հետ շշնջաց.
-Մեռնիմ ձեզի, թողեք թող էրթա, ինքն էլ մեր կունենա, էրեխեք…

-Գաղթի օրերին տատս մի կերպ հասնում է Գյումրի,- պատմում է փոխգնդապետ Գեւորգ Գրիգորյանը,- մինչեւ մահ որդիներին, թոռներին, ծոռներին պատմում էր իր ծննդավայրից՝ Սուլուխից։ Պատմում էր Անդրանիկից, Գեւորգ Չաուշից, նրանց հերոսական կռիվներից։ Այնպես էր նկարագրում հայրական տունը, որ փակ աչքերով էլ կարելի էր այն գտնել։

ԻՄ ՈՐԴԻՆ ՀԵՐՈՍ Է

Հակոբ Կամարի գյուղում, աղբյուրի մոտ, փոխգնդապետ Գագիկ Մարգարյանի եւ իր մարտական ընկերների հիշատակին կառուցված հուշարձան-խաչքարի բացումն էր։ Ելույթ են ունենում մարտական ընկերները, հարազատները։ Շարքում զինվորների կողքին կանգնած է հերոսի որդին՝ Արմենը, որը հոր հետ կողք կողքի քայլել է այս վայրերում։ Հուզիչ էր գյուղ վերադարձած բնակիչների այցը։ Լիդիա Իսահակյանը, Ժենյա Բաղդասարյանը, Սարավան Չալյանն ու կարմիրավանցի Ռոզա Ավագյանն արցունքն աչքերին, դաշտային մի փունջ ծաղիկներ գրկած, մոտենում են խաչքարին. «Ձեր ցավը տանեմ, դուք հերոսներ եք, հերոսներ, էդ ո՞նց շուն թուրքի հախիցը եկաք»։ Հուշարձան-խաչքարին գրված էր նաեւ Գագիկ Մարգարյանի զինակից ընկեր Լեւոն Ղազարյանի անունը։

Երկու եղբայր են, վեց քույր։ Հայրական տունը մնացել է փոքրին՝ Գոռին։ Մեծ եղբոր տունը հայրական տան կողքին է։ Հոր մահից հետո ութ երեխաներին պահել մեծացրել է մայրը։
Գոռը հերոս տղա է, ազատագրական պայքարին իր մասնակցությունը բերած ֆիդայի։ Երբ նա ընտանիքով մեկնեց արտերկիր, մայրը չհամաձայնեց, տեղափոխվեց մյուս տղայի տուն։

ՀՆԱԲՈՒՅՐ ՈՒ ՆՈՐ ՀԱՅՈՑ ՇԵՆԸ

Նախկինում ադրբեջանցիներով բնակեցված գյուղը գտել էր իր հնաբույր անունը՝ Արեւիս, եւ ձմռան ցրտին ու ամռան տապին բազմաթիվ խաչքար-մատուռներից տարածվում էր այդ բույրը։ Քիչ ներքեւում միջնադարյան նշանավոր Թանահատի վանքն է, որը ժամանակին ունեցել է վանքապատկան 7 գյուղ։ Յոթից մեկն էլ Արեւիսն է եղել։ Տարբեր կողմերից գյուղ է իջնում չորս գետ, գյուղի ոտքերի տակ միանում են իրար ու հոսում Տոլորսի ջրամբարը։

-Եղբայրս՝ Երվանդը, ում բոլորը Ճուտո էին ասում, զոհվեց Շուշիի ազատագրման ժամանակ։ Գիտեինք, որ սիրած աղջիկ ունի, խոստացել էր, որ Շուշիի հաղթանակից հետո կամուսնանա։ Հետո իմացանք, որ սիրած աղջիկը միշտ գնում է Եռաբլուր՝ եղբորս շիրիմին այցի։

Գյուղն ամբողջ գիշեր հրետակոծվում էր։ Առավոտյան սկսվեցին Մարիամի երկունքի ցավերը։ Իսկ հրետակոծությունը չէր դադարում։ Բարձունքին գտնվող տան վրա, որտեղից լսվում էր երկունքի ցավերից գալարվող կնոջ ձայնը, ամեն պահ կարող էր արկ ընկնել։ Տղաները որոշեցին շեղել թշնամու ուշադրությունը եւ կրակն իրենց վրա ընդունելով՝ թույլ տալ, որ ծնունդը բարեհաջող անցնի։