Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

Գյուղն ամբողջ գիշեր հրետակոծվում էր։ Առավոտյան սկսվեցին Մարիամի երկունքի ցավերը։ Իսկ հրետակոծությունը չէր դադարում։ Բարձունքին գտնվող տան վրա, որտեղից լսվում էր երկունքի ցավերից գալարվող կնոջ ձայնը, ամեն պահ կարող էր արկ ընկնել։ Տղաները որոշեցին շեղել թշնամու ուշադրությունը եւ կրակն իրենց վրա ընդունելով՝ թույլ տալ, որ ծնունդը բարեհաջող անցնի։

ԿԵՆՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Զինվորներին տեսակցության մեկնող ծնողների հետ էր նաեւ Թագուհի Թերզիկյանը, որը գաղթել էր Գետաշենից, տեսել կոտորած, մահ, ավերածություն։ «Թուրքը մեր գյուղը մտնողը չէր, է՜, օգնեցին, մեր գյուղը թուրքի ոտ մտած չկար»։ Զարմանալին այն էր, որ նա էր ամբողջ ճանապարհին խոսում, ծիծաղում, մյուս մայրերին ոգեւորում, տրամադրությունները բարձրացնում։ Զավակներին տեսակցության մեկնող մայրերից միայն նա էր, որ տեսել էր այդքան վիշտ, տառապանք։ Մեկ-մեկ էլ դիմում էր լուռ նստած մայրերին. «Ի՞նչ եք գլուխներդ կախել, ո՛չ ասում, ո՛չ խոսում եք, հո էդ տեսքով չե՞ք երեւալու զինվորներին։ Մեր զինվորները հերոս տղերք են, առյուծներ։ Ես տեսել եմ նրանց հերոսությունները, դուք էլ, որ տեսած լինեիք, էդպես խեղճ, լուռումունջ չէիք նստի»։

Բանուկ ճանապարհի կողքին տեղակայված զորամասում «կարանտինի» օրերին Հայաստանի տարբեր կողմերից բազմաթիվ ծնողներ են գալիս, փորձում տեսակցել իրենց որդիներին։ Դժվար է բացատրել ծնողներին, հատկապես մայրերին, որ «կարանտինում» տեսակցությունը խստիվ արգելվում է, այդպես է կարգը, բանակի օրենքը։ Հրամանատարի տեղակալ Վանիկ Մինասյանին այդ պահերին օգնում էր մանկավարժի իր նախկին մասնագիտությունը։

Մայոր Մինաս Մկրտչյանը Աֆղանստանում ծառայելիս երկար ժամանակ նամակ չէր ուղարկում։ Գրելիս էլ նկարագրում էր միջինասիական մի քաղաք, որտեղ, իբր, անցկացնում է իր խաղաղ ծառայությունը։ Անուշ մայրն այդ մասին իմացավ Անգեղակոթի իրենց հարեւանի տղայից, որը գրել էր, թե՝ «Մինասն էլ է այստեղ, տանկիստ է»։

ՄԵՆԱՀԱՄԵՐԳ՝ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ

Թշնամին գրոհում էր մեծ ուժերով։ Տղաները կռվում էին հերոսաբար։ Հասկի նման ընկնում էին թշնամու զինվորները, սակայն ընկածների վրայով գալիս ու գալիս էին նորերը։
-Զինամթերքը սպառվում է, ինչո՞ւ են ուշացնում,- անհանգիստ հետ էր նայում հրամանատարը։
-Տղանե՛ր, պահեք-խնայեք վերջին գնդակները, իսկ մինչ այդ փորձենք համերգ տալ մեր «եղբայր ժողովրդի» զավակների համար,- ասաց Ջեմման (որը լավ տիրապետում է ադրբեջաներենին, իսկ երգելը… երգում է ոնց Զեյնաբ խանումը) եւ եղնիկի նման սուրաց դեպի բարձունքը։ Ադրբեջաներեն ողջունելով «կարդաշներին»՝ նա սկսեց երգել։ Կրակոցները դադարեցին։ Երեւի երգը զինվորներին հիշեցրեց սեր ու տուն, կյանք ու կարոտ։

-Լուսադեմի հանկարծակի, անսպասելի հարձակումից ադրբեջանաբնակ գյուղը դատարկվեց,- պատմում է Էդիկ Մարտիրոսյանը։ -Բնակչությունը՝ մեծ ու փոքր, բռնեցին սար բարձրացող ճանապարհը, որի մյուս կողմում նույնպես ադրբեջանաբնակ գյուղ կար։ Հրամանատարի կարգադրությամբ՝ դադար առանք գյուղում, որպեսզի խաղաղ բնակչությունը հանգիստ հեռանա։ Պարզ տեսանելի էին սարերի փեշերին իծաշարուկ փախչող գյուղացիները։

Ազատագրական պայքարին իր մասնակցությունը բերած տիկին Անահիտը, վերադառնալով սահմանային գոտում գտնվող իր ծննդավայրից, արցունքն աչքերին պատմում էր իրենց դատարկ տան շեմին աճած փուշ ու տատասկի մասին. «Ես մերկ ձեռքերով պոկում, դեն էի նետում փշերը, մաքրում էի հայրական օջախի շեմը։ Ձեռքերս արյունոտվել էին։