Տարածաշրջան
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի գնահատմամբ, միակ երկիրը, որը կարող է փոխել գոյություն ունեցող աշխարհակարգը, Չինաստանն է։ Միայն նա ունի անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական հզորություն։
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հունիսի 23-ին ռուս զինվորականներին մեղադրել է «Վագների» թիկունքային ճամբարը հրթիռակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ։ Թեև ՌԴ տարբեր շրջաններում իրականացվել են անվտանգության միջոցառումներ, «Վագների» ուժերը առանց մարտերի մտել են Դոնի Ռոստով, վերահսկողություն սահմանել ռազմական օդանավակայաններում, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա։
Ռուսաստանը նավթամթերքների մատակարարումները վերաուղղել է Թուրքիա, Աֆրիկայի և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հանրապետությունում ռուսական միջուկային զենքի տեղակայումն իր հրատապ խնդրանքը և պահանջն է եղել Ռուսաստանին՝ երաշխավորելու երկրի անվտանգությունը։ Նրա կարծիքով՝ հազիվ թե որևէ մեկը կցանկանա կռվել մի երկրի դեմ, որը զսպման միջուկային զենք ունի և ագրեսիայի դեպքում պատրաստ է կիրառել այն։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում յոթ տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է Իրանի դեսպանատունը։ Չինաստանի միջնորդությամբ բանակցություններից հետո երկու պետությունները պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող անվտանգության հարցերում ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը և պետք է կառուցի իր ռազմական ինքնիշխանությունը։ Նրա կարծիքով՝ առաջիկա տարիներին Եվրոպային աջակցող ԱՄՆ վարչակազմը կարող է փոխվել։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունն ընդլայնելու ծրագրերի մասին՝ Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու համար։ Բլինքենի կարծիքով՝ Չինաստանն այժմ ամենալուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերն է։ Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության և պատրաստ է զարգացնել հարաբերությունները առաջնահերթ բնագավառներում։