Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Ռուսաստանի Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովի և նույն ակադեմիայի վերլուծաբան Կոնստանտին Սիվկովի կարծիքով, համաշխարհային ցանկացած ֆինանսատնտեսական ճգնաժամ հանգեցնում է սոցիալ-քաղաքական ճգնաժամի և, ի վերջո, համաշխարհային պատերազմի: Բացառություն չէ 2009-2010թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամը:

Վրաստանի խորհրդարանի մայիսի 20-ին ընդունած օրենքի համաձայն` Վրաստանի հավատարմագրված բուհերի այն ուսանողները, որոնք 2007-2008թթ. գոնե մեկ անգամ ռեզերվային ծառայություն են անցել, կհամարվեն զինվորական ծառայություն անցած: Նրանք կստանան զինվորական «շարքային» կոչում և կհաշվառվեն պահեստազորում:

Ադրբեջանը հետաքրքրվում է թուրքական «Yuksel Savunma A.S» ընկերության արտադրած հեռակառավարվող դիտարկման համակարգերով: Դրանք օժտված են ջերմային և էլեկտրաօպտիկական խցիկներով, սենսորներով և լազերային հեռաչափով:

Թուրքական «Havelsan» ընկերությունը Ադրբեջանին որպես օգնություն կտրամադրի իր իսկ արտադրած հրետանային սիմուլյատորը` ուսումնական սարք և համակարգչային ծրագիր, որի միջոցով նմանակվում է հրետանու կրակի վարումը: Ընկերությունը նույնպիսի սիմուլյատոր կտրամադրի նաև Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Սիմուլյատորն արդեն իսկ գործածվում է Թուրքիայում և Պակիստանում:

Թուրքական «Sarsilmaz» ընկերությունը պատրաստվում է ատրճանակներ արտահանել Ադրբեջան: Ներկայումս նա Ադրբեջան է արտահանում որսորդական հրացաններ:

Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում մայիսի 21-ին քննարկումներ են անցկացվել «Արտասահմանում սովորող ադրբեջանցիները և ադրբեջանականությունը» թեմայի շուրջ: Քննարկման նպատակն էր «ապահովել երիտասարդների ակտիվ մասնակցությունը նրանց ապագային վերաբերող հարցերի լուծման գործին»: Քննարկմանը մասնակցել են արտասահմանում սովորող ադրբեջանցիների հասարակական կազմակերպության անդամներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ:

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի խոսքով, 2012թ. վերջից Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինամթերքով լիովին կապահովի իր ԶՈՒ-ը: Ներկայում նախարարությանը ենթակա գործարաններում արտադրվում են 5.45մմ-30մմ տրամաչափի փամփուշտներ, այդ թվում` ականանետների ու նռնականետների զինամթերք: Այս տարվանից նախարարությունը սկսելու է աշխատել 85մմ-155մմ տրամաչափի զինամթերքի արտադրելու նախագծի վրա: