Տարածաշրջան
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունն ամերիկյան քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Ռուսաստանից՝ Ուկրաինայում հակամարտության ֆոնին անկանխատեսելի հետեւանքների պատճառով։
Եվրոպան ռուսական դիզվառելիքի եւ այլ նավթամթերքների նկատմամբ արգելք է սահմանել` համաձայնեցված 100 դոլար գնի սահմանաչափով: Ավելի վաղ ռուսական նավթի մեկ բարելի դիմաց սահմանվել էր 60 դոլար սահմանաչափ, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերին: Արգելքը նախատեսում է 55-օրյա արտոնյալ ժամկետ լցանավերի վրա արդեն բեռնված դիզելային վառելիքի համար։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ թույլ չի տա պատերազմ ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Միևնույն ժամանակ, նա հավանություն է տվել Ուկրաինա Leopard 2 տանկեր մատակարարելուն՝ հավաստիացնելով, որ այդպիսի քայլերով հնարավոր է կանխել ռուս-ուկրաինական հակամարտության վերաճումը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմի:
Արեւմուտքը Ռուսաստանի դեմ ոչ թե հիբրիդային, այլ գրեթե իրական պատերազմ է մղում, որին նրանք վաղուց էին պատրաստվում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում բանակցություններից, սակայն որքան երկար է Արեւմուտքը ձգձգում դրանք, այնքան ավելի դժվար կլինի հակամարտության լուծում գտնելը։
Բելառուսում մեկնարկել է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ զորակազմի ավիացիոն ստորաբաժանումների համատեղ թռիչքային մարտավարական զորավարժությունը, որը կտևի մինչև փետրվարի 1-ը։ Զորավարժության գլխավոր նպատակը օպերատիվ համատեղելիության բարձրացումն է ուսումնամարտական առաջադրանքներ կատարելիս։