Տարածաշրջան
Թուրքիան լրացուցիչ ուժեր, այդ թվում նաև զրահատանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ինչպես նաև զենիթահրթիռային համալիրներ է մոտեցնում Սիրիայի սահմանին: Անկարայի պնդմամբ, դա իրականացվում է Դամասկոսի կողմից հնարավոր սադրանքներին հակահարված տալու համար:
ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Վիկտոր Բոնդարեվը հայտարարել է, որ եթե Մոսկվան ու Բաքուն համաձայնության չգան Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետի երկարացման հարցում, ապա Ռուսաստանը շատ բան չի կորցնի, քանի որ ռազմաօդային ուժերի համար այս կայանը կիրառական նշանակություն չունի:
Սիրիայում իշխող վարչակարգի դեմ զինված ըմբոստության սկզբից 15 ամիս անց երկրի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում և նոր կառավարությունից պահանջել ամեն ինչ անել հաղթանակի համար:
Նախօրեին թեժ մարտեր էին ընթանում Դամասկոսի մատույցներում: Երկու կողմերն էլ հայտարարում են ինչպես մայրաքաղաքի մերձակայքում, այնպես էլ երկրի այլ շրջաններում երկուստեք տասնյակ զոհերի մասին:
Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի արտահերթ նիստում կազմակերպության անդամ 28 պետությունների ներկայացուցիչներ դատապարտել են սիրիական ՀՕՊ ուժերի կողմից թուրքական հետախուզական ինքնաթիռի ոչնչացումը` միջադեպը որակելով որպես «անընդունելի» և Դամասկոսից պահանջել են միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար:
Թուրքիայի առևտրի ու մաքսային նախարարը հայտարարել է, որ, անկախ հետախուզական ինքնաթիռի ոչնչացման դեպքից, Անկարան չի փակի թուրք-սիրիական սահմանը, բայց քանի որ այնտեղ այժմ գործում է ընդամենը չորս հսկիչ անցագրային կետ, կառավարությունը տարանցիկ փոխադրումների նոր երթուղիներ է որոնում, քանի որ Սիրիայի տարածքով խոշոր բեռնափոխադրումներ էր իրականացնում դեպի Պարսից ծոցի երկրներ:
Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պահպանության դիտարկման սիրիական կենտրոնի» հաղորդմամբ, երեկ առավոտյան Սիրիայի հյուսիսում Դարեթ Ազեխ ու Քաֆար Հալաբ գյուղերի մոտով անցնելիս հարձակման ենթարկվել եւ, զոհվել է 16 զինծառայող: Համաձայն նույն կազմակերպության հաղորդման, Դարեթ Ազեխում գրոհայիններն ուրբաթ օրը սպանել են կառավարամետ «Շաբիխա» կազմակերպության 25 աշխարհազորայինի, ապա գյուղից առևանգելով գնդակահարել են խաղաղ բնակիչների և այլանդակել նրանց մարմինները:
Սիրիայի սահմանապահ զորքերը ոչնչացրել են Թուրքիայի տարածքից Սիրիա ներթափանցել փորձող ահաբեկչական մի խումբի: Մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, Սիրիային սահմանակից թուրքական շրջաններում է գտնվում ԿՀՎ ներկայացուցիչների խումբը, որը համակարգում է Թուրքիայի, Քաթարի ու Սաուդյան Արաբիայի միջոցներով գնվող զենքի` մասնավորապես ավտոմատների ու հակատանկային միջոցների մատակարարումն ընդիմադիր Ազատ սիրիական բանակին:
Թուրքիայի արտգործնախարարությունը ժխտել է իր մասնակցությունը սիրիական ընդիմությանը զենքի մատակարարելու գործին: