Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԵՎՍ 106 ԶՈՀ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Սիրիայի Ալ-Հեֆֆա քաղաքում սկսվել է զանգվածային սպանությունների նոր ալիք, որին զոհ է գնացել 106 մարդ, որոնցից 23-ը զինծառայողներ են: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաստատել է, որ մարտերի ընթացքում կառավարական զորքերի ռազմական ինքնաթիռները կրակ են բացել ընդիմադիրների վրա: Կիրառվել են նաև ռազմական ուղղաթիռներ, տանկեր ու ականանետներ: Ըստ շրջանառվող լուրերի, կառավարական ուժերը երեխաներին օգտագործել են որպես «կենդանի վահան» և նստեցրել գրոհի գնացող տանկերի վրա, որոնք փորձել են կասեցնել գրոհայինների հարձակումը:

«ՆՈՂԿԱԼԻ ՍԱԴՐԱՆՔ»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է և լրագրողներին երաշխավորել է, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը թույլ չի տա Սիրիայում դիմել ռազմական միջամտության:
Միաժամանակ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Քոֆի Անանի առաջարկած ծրագիրը տապալելու նպատակով իրականացված «նողկալի սադրանք» է որակել նախօրեին Համա նահանգի Ալ-Քուբեյր և Մաարզաֆ գյուղերում տեղի ունեցած նոր խոշոր ողբերգությունը, որին զոհ է գնացել առնվազն 86 մարդ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ:

ԻՐԱՆԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ

ՄԱԳԱՏԷ-ն կասկածում է, որ Թեհրանն այդ նպատակով քանդում է Պարչինի միջուկային օբյեկտի որոշ շինություններ և կատարում մեծածավալ հողային աշխատանքներ, ինչը երևում է տիեզերքից կատարված լուսանկարներում: Արևմուտքը կասկածում է, որ Թեհրանն այս օբյեկտում իրականացնում է միջուկային զենքի ստեղծման փորձարկումներ, ինչն Իրանը կտրականապես ժխտում է` պնդելով, որ Պարչինը սովորական ռազմական օբյեկտ է, և այնտեղ միջուկային զենքի մշակումն անհնար է թաքցնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներից:

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵՑ ԱՆԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ այլևս չի առաջնորդվելու ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած կարգավորման ծրագրով և միջազգային հանրակցությունից պահանջել է Սիրիայի երկինքը հայտարարել թռիչքազերծ գոտի, ինչպես նաև Սիրիայում ստեղծել բուֆերային գոտի:

ՊԱՎԵԼ ԳՈՒՍՏԵՐԻՆ. ՍԻՐԻԱՆ ՎԵՐՋԻՆ ԲՆԱԳԻԾՆ Է ԴԵՊԻ ԻՐԱՆ

ՌԴ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի աշխատակից Պավել Գուստերինի պնդմամբ, սիրիական ընդիմությունն ուղղակի դատապարտված է տապալելու հակամարտության կարգավորման բոլոր ջանքերը, քանի որ օրինական ճանապարհով նախագահ ընտրված Ասադը կարգավորման դեպքում կշարունակի ղեկավարել երկիրը: Դրա համար էլ իրավիճակն ապակայունացնելու և օտարերկրյա զինված միջամտություն հրահրելու նպատակով ընդիմությունը դիմում է ամենատարբեր արյունալի սադրանքների:

ՍԻՐԻԱ. ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՃԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ Սիրիայում շարունակվող հակամարտությունը կարող է վերածվել աղանդավորական ենթատեքստ ունեցող տոտալ պատերազմի, և այդ վտանգն օրեցօր աճում է:
Սիրիական ազգային խորհրդի ընդդիմադիր նախագահ Բուրհան Գալյունը հայտարարել է, որ շարունակելով աջակցել Ասադի վարչակարգին, Ռուսաստանը դառնում է ոչ թե հակամարտության կարգավորման, այլ հակամարտության մի մասը:

«ՀԸԶԲՈԼԼԱՀԸ» ՍԻՐԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՈՒՄ ԻՐ ԶԻՆԱՆՈՑԸ

Համաձայն իսրայելական հեռուստատեսության տվյալների, խոսքը վերաբերում է առաջին հերթին գործողության հեռավոր շառավիղ ունեցող СКАД-Д և հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրներին: Խմբավորման ղեկավարությունը զգուշանում է, որ զինապահեստները, որոնց մեծ մասը գտնվում է Դամասկոսի մերձակայքում, կարող են հայտնվել խռովարարների ձեռքում և օգտագործվել Ասադի վարչակարգի դեմ: