Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԻՐԱՆԸ ՆՈՐ ՏԻԵԶԵՐԱԿԱՅԱՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Այն ունենալու է իրանական արտադրության արհեստական արբանյակները ուղեծիր դուրս բերելու անհրաժեշտ բոլոր հնարավորությունները:
Նոր տիեզերակայանի կառուցման մասին լուրերը հաստատել է նաև Իրանի պաշտպանության նախարար, գեներալԱհմադ Վահիդին՝ հավելելով, որ տիեզերակայանը կոչվելու է ԻԻՀ հիմնադիր Այաթոլլա Ռուհոլլի Մուսավի Խոմեյնիի անունով:

ԱՄՆ-Ը ՏԵՂՅԱԿ Է ԶԵՆՔԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻՑ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտահոգություն է հայտնել Սիրիային ռուսաստանյան սպառազինության մատակարարման առնչությամբ և նշել, որ «Վաշինգտոնում տեղյակ են նվազագույնը վերջին մեկ տարվա ընթացքում խիստ պարբերական բնույթ կրող զենքի առաքումներից», ինչը նպաստում է Ասադի վարչակարգի ուժեղացմանը:

ՍԻՐԻԱՅԻՆ ԿՀԱՐՎԱԾԵՆՔ ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ՄԱԿ-Ը

ՄԱԿ անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի բացառում նման եղանակով Սիրիայում ռազմական գործողության իրականացումը, քանի որ իրավիճակի խաղաղ կարգավորումն իրադարձությունների զարգացման ամենաքիչ հավանական տարբերակն է, և կոնֆլիկտը կարող է տարածվել նաև այլ պետություններ:

ՀԵՐԹԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար, գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը հայտարարել է, որ Դեյր-էզ-Զոր նահանգում հայտնաբերվել են դիմահար կրակոցներով սպանված 13 անձանց դիակներ: Իսկ երկու օր առաջ նույն նահանգում առևանգվել էին սիրիական նավթային «Ալ Ֆուրաթ» ընկերության աշխատակիցները: Դեռևս անհայտ է, թե արդյոք կապ կա այս երկու հանցագործությունների միջև:

ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ

Իսրայելյան «Ավիացիոն արդյունաբերություն» կոնցեռնը Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանին մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին:
Ենթադրվում է, որ այս գործարքի արժեքն ավելին է, քան Թուրքիայի հետ պայմանագրինը, որը գնահատվում է 300 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն հետո պարզվեց, որ Թել-Ավիվն Անկարային էր վաճառել ամենևին էլ ոչ ամենավերջին մշակման ԱԹՍ-ներ:

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԼԱ՞ՎՆ Է, ԹԵ ՎԱ՞ՏԸ

Ամերիկյան հետախուզությունը երկրի ղեկավարությանը զգուշացրել է ձեռնպահ մնալ սիրիական ընդիմությանը զենքի մատակարարումից, քանի որ, ինչպես հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության գործերի կոմիտեի ղեկավար Մայք Ռոջերսը, «Մենք չգիտենք, թե այնտեղ որտեղ են վատ և որտեղ են լավ տղաները»:

ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ավստրալիան միացել է սիրիական հակամարտությունը զինված միջամտությամբ լուծելու Ֆրանսիայի դիրքորոշմանը, որը հրապարակել էր նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտարարելով, որ չի բացառում ռազմական գործողության անցկացումը, եթե, իհարկե, լինի ՄԱԿ անվտանգության խորհրդի համաձայնությունը: