Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԱՍԱԴԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ՓԼՈՒԶՈՒՄԻՑ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Չինաստանի փոխարտգործնախարար Չժան Չժինցյունի ղեկավարած պատվիրակության հետ բանակցությունների ավարտին հայտարարել է, որ կոնկրետ ուժեր, որոնք հավակնում են սեփականելու Սիրիայի աշխարհաքաղաքական կշիռն ու տարածաշրջանում ունեցած պատմական դերը փորձում են մասնատել երկիրը:

ՄԱԿ-Ը ԾԱՆՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մարդու իրավունքների գծով ՄԱԿ գերագույն հանձնակատար Նէվի Պիլլէյը հայտարարել է, թե չի բացառվում, որ Սիրիայի իշխանությունները հակակառավարական զանգվածային հուզումները ճնշելու ընթացքում կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:

ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԾԱՎԱԼՎԵՆ ԱՄՌԱՆԸ

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ իրենք տարակույս չունեն, որ հրթիռային հարվածի ենթարկվելու դեպքում «Իրանը հստակ կգործի», և որ Գլխավոր շտաբում իրատեսորեն են վերաբերվում Իրանի ղեկավարության այն հայտարարություններին, թե իրենք կդիմեն նույնպիսի միջոցների: Նրա կարծիքով, Իրանի խնդրի շուրջ լուրջ սրացումները տեղի կունենան ամռանը:

ԻՐԱՆՈՒՄ 30 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ ԶՐԿՎԵԼ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Խոսքը վերաբերում է «Gmail», «Yahoo Mail» և «Hotmail» փոստային ծառայություններին: Ընդ որում, երկրի հեռահաղորդակցության ազգային ընկերությունը ժխտում է իր մանակցությունը կատարվածին:
Իրանի իշխանությունները, ըստ ներքաղաքական իրավիճակի զարգացումների, պարբերաբար արգելակում են երկրի քաղաքացիների մուտքը համացանց: Մասնավորապես, 2009 թվականին, երբ Մահմուդ Ահմադինեժադի ընտրվելը երկրի նախագահի պաշտոնում պատճառ դարձավ զանգվածային հուզումների, արգելակվեցին «Facebook» և «Twitter» կայքերը, «Voice of America» լրատվական կայքն ու BBC-ի իրանական ծառայությունը:
Ենթադրվում է, որ հերթական տեղեկատվական շրջափակման պատճառն իրանական հեղափոխության 33-րդ տարեդարձի տոնակատարությունների ընթացքում հնարավոր զանգվածային հուզումներն են:

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Սիրիայում Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելության ղեկավար գեներալ Մուհամմեդ ադ-Դաբին, ժամանելով Կահիրե, անմիջապես հրաժարականի դիմում է ներկայացրել Լիգայի գլխավոր քարտուղարին: Հրաժարականի դրդապատճառները դեռևս անհայտ են:

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՍԻՐԻԱ

Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելությունը պատրաստ է վերսկսել աշխատանքները Սիրիայում: Առաքելությանը, բացի Լիգայի դիտորդներից, կմասնակցեն նաև ՄԱԿ ներկայացուցիչները: Այդ մասին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ հանդիպումից հետո:

ԱՄՆ-ԻՑ ԼԻԲԱՆԱՆ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԶԵՆՔ ԵՎ ԴՐԱՄ Է ՈՒՂԱՐԿՎՈՒՄ

Բեյրութի միջազգային օդանավակայանում նկատվում է ԱՄՆ-ից ու Բրազիլիայից ուղարկվող ամերիկյան դոլարների, զենքի, անձնագրերի ու վարկային քարտերի մեծ քանակություն: Բեռների հասցեատերերի մի մասը հայտնի են ծայրահեղական խմբավորումների հետ ունեցած կապերով: Ենթադրվում է, որ այդ տարօրինակ բեռը կարող են օգտագործել Սիրիայում կռվող «Ալ Քայիդայի» գրոհայինները: Լիբանանի անվտանգության ծառայությունները նրանց մի մասին կանչել են հարցաքննության: Արդեն կան ձերբակալվածներ: