Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ՄՈՍԿՎԱՆ ԴԵՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը մեկնաբանելով լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները, որ Վաշինգտոնում ավարտված վրաց-ամերիկյան բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել Թբիլիսիին ամերիկյան զենքի մատակարարման վերսկսման մասին, համոզմունք է հայտնել,որ Սահակաշվիլիի վարչակարգին ցանկացած սպառազինության տրամադրումը կապակայունացնի Կովկասում տիրող իրավիճակը:

ԻՍՐԱՅԵԼԸ ՍԿՍԵԼ Է ԶԳՈՒՇԱՆԱԼ ԱՍԱԴԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԱՆԿՈՒՄԻՑ

Իսրայելի պաշտպանության նախարարությունում լրջորեն անհանգստացած են, որ Բաշար Ասադի իշխանությունից հեռանալու դեպքում, ինչը, ըստ Թել Ավիվի, անխուսափելի է և տեղի կունենա այս տարվա ընթացքում, մինչ այժմ «կայունության կղզյակ» համարվողՍիրիայի ունեցած քիմիական զենքը կհայտնվի անհավասարակշիռ ու անկանխատեսելի «Հզբոլլահի» ձեռքում: Իսրայելի պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչի հավաստմամբ, դա կնշանակի այս կազմակերպության կողմից պատերազմի հայտարարում Իսրայելին, ինչին Թել Ավիվը չի կարող չարձագանքել:

ԹԵՀՐԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է 127 ՏՈԿՈՍՈՎ

Ելույթ ունենալով Իրանի խորհրդարանում, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և հայտնել, որ այն հնարավոր կդառնա 2012-2013 թվականներին հարկային մուտքերը 20 տոկոսով ավելացնելու շնորհիվ: Նա տեղեկացրել է, որ Իրանի պետական բյուջեն կկազմի 415 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 90 միլիարդը կհատկացվի սոցիալական վճարումներին ու ռազմական ծախսերին:

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԺԽՏԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ «ԼԻԲԻԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ԿՐԿՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ելույթ ունենալով ՄԱԿ անվտանգության խորհրդի դռնբաց նիստում` ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարը երեկ հայտարարել է, որ իզուր են Ռուսաստանի ու Չինաստանի նման մտահոգությունները: «Դա իրադարձությունների սխալ նույնացում է»,- հայտարարել է Քլինթոնը: Միաժամանակ նա Ասադի վարչակարգին մեղադրել է բռնություններ հրահրելու և էթնիկ ու ազգային տարբեր խմբերին միմյանց դեմ հանելու համար ու կոչ արել ընդունել Արաբական պետությունների լիգայի մշակած բանաձևի նախագիծը, որը ենթադրում է իշխանության խաղաղ հանձնում:

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Սիրիայի ազգային խորհուրդը հայտարարել է, որ Մոսկվայից չի ստացել Ասադի վարչակարգի հետ բանակցելու որևէ հրավեր, իսկ երբ ստանա` կմերժի, քանի որ այդ ամենը նպատակ ունի ճնշում գործադրելու ՄԱԿ անվտանգության խորհրդի վրա, որն այսօր լսելու է Արաբական պետություների լիգայի ղեկավարության դիրքորոշումը Սիրիայում տիրող իրավճակի շուրջ: Իսկ ահա Սիրիայի իշխանությունները դրականորեն են արձագանքել Մոսկվայում ընդիմության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու Կրեմլի կոչին:

ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ

Սիրիայի ազգային խորհուրդը բողոքի ելույթներ է սկսում բոլոր պետություներում ՌԴ դեսպանատների ու հյուպատոսական ներկայացուցչությունների առջև՝ իր անհամաձայնությունը հայտնելու Մոսկվայի դիրքորոշմանը, որն ամեն կերպ արգելում է Ասադի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՅՈԹ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Հատկապես շատ վիրավորներ կան Դամասկոսից 220 կիլոմետր հյուսիս գտնվող և խռովարարների կողմից գրավված Համայում, որտեղ շարունակվող գնդակոծության պատճառով անհնար է նրանց տեղափոխել բուժհաստատություններ: Առայժմ հաղորդվում է երկու զոհի մասին: Իշխանությունները վճռական գործողությունների դիմեցին, երբ տապալվեցին զինված խմբավորումներին տեղի ավագանու միջոցով զինաթափելու փորձերը, որոնք ձեռնարկվում էին տեղում գտնվող Արաբական պետությունների լիգայի դիտորդների աջակցությամբ: Իսկ հարևան Կուսայր քաղաքում հրետանային արկի բեկորներից զոհվել են մի կին ու նրա հնգամյա որդին: