Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մոտ ժամանակներս կգնի ամերիկյան «Boeing» ավիաընկերության արտադրած 6 ռազմատրանսպորտային «CH-47F Chinook» ուղղաթիռ: Գործարքի արժեքը մոտ 300մլն դոլար է: Թուրքիան մտադիր է ուղղաթիռների վրա տեղադրել իր իսկ արտադրած սարքավորումը: Եթե գործարքը կնքվի, Թուրքիան ուղղաթիռները կսկսի ստանալ 2013 թվականից:

Վերջերս Իրանը փորձարկել է սեփական արտադրության երկու նոր հրթիռ` «Մերսադ» և «Շահին», որոնք արդեն ընդգրկվել են երկրի ՀՕՊ ստորաբաժանումների սպառազինության մեջ: «Մերսադը» միջին հեռահարության հրթիռ է, որը նախատեսված է միջին և ցածր բարձրությունների վրա թռչող ժամանակակից ինքնաթիռներ խոցելու համար, հեռահարությունը 150կմ է: «Շահինի» մարտավարական բնութագրերի մասին տեղեկություններ չկան:

ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍ. ՆԱՏՕ-ԻՆ ՄՌԱՅԼ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը, որը հրաժարական է տալու հունիսի 30-ին, հայտարարել է` առկա միտումների պահպանման դեպքում ՆԱՏՕ-ն կարող է վերածվել ոչ կենսունակ կազմակերպության: Այժմ դաշինքի ֆինանսական ծախսերի 75 տոկոսը Ամերիկայի ուսերին է, և այդ բեռը կրելը գնալով ավելի դժվար է:
Գեյթսը նշել է, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները պետք է ավելի շատ միջոցներ հատկացնեն պաշտպանական ծրագրերին, որպեսզի դաշինքը շարունակի արդյունավետ գործել:

ԱՄՆ-Ը ՊԱԿԻՍՏԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ

ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետտան Պակիստանի իշխանություններին մեղադրել է գրոհայինների հետ համագործակցելու մեջ: Իր մեղադրանքները նա հնչեցրել է Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ գեներալ Աշֆակ Պերվեզ Կայանիի և երկրի միջգերատեսչական հետախուզության ղեկավար գեներալ Ահմեդ Շուջա Փաշայի հետ հանդիպման ժամանակ:
Պանետտան նրանց է փոխանցել նյութեր, որոնց համաձայն` վերջերս անցկացվող հակաահաբեկչական օպերացիան ձախողվել է այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը մանրամասները հայտնել է պակիստանցիներին. մինչև զինվորականների տեղ հասնելը ահաբեկիչների երկու ճամբար դատարկված է եղել:

Ռուսաստանի տիեզերական զորքերի բուժծառայությունում վերջին երկու տարիներին փորձարկվել է համակարգ, որում ապարատային թեստավորման և դեղորայքային հետազոտման մեթոդները համադրելու միջոցով մարդու օրգանիզմում գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ հայտնաբերվում են թմրանյութերի առկայության հետքեր` նույնիսկ դրա օգտագործումից մեկ տարի անց:
Երկու տարվա ընթացքում հետազոտվել է շուրջ 1000 մարդ, նրանցից 12-ի մեջ համակարգը թմրամիջոցի հետքեր է գտել, բոլորն էլ խոստովանել են, որ նախկինում գոնե մեկ անգամ թմրանյութ են օգտագործել:

ԱՄՆ-Ը ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՒԶՈՒՄ Է ԽԼԵԼ «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՄՆ-ը մտադիր է մշակել նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան կարճ ժամկետներում ինտերնետ և հեռախոսային կապի ինքնաբավ համակարգեր ստեղծել: Ասենք, կստեղծվի բջջային սարքավորում, կտեղափոխվի որոշակի երկիր, ուր տեղական իշխանությունները ցանկության դեպքում անջատում են ինտերնետային ու բջջային կապը, և ապարատը կապահովի միացում համաշխարհային ցանցին: Ծրագրի իրականացման համար նախնական հատկացվել է 2 միլիոն դոլար:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱՀՐԹԻՌՆԵՐ` ՍԵՎ ԾՈՎՈՒՄ. ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Սև ծովում ամերիկյան «Մոնտերեյ» ռազմանավի հայտնվելու կապակցությամբ: Պաշտոնապես նավը մտել է Ուկրաինայի տարածքային ջրեր` «Սի Բրիզ-2011» զորավարժությանը մասնակցելու համար:
«Մոնտերեյ»-ը այս տարվա մարտին ուղղություն է վերցրել դեպի Միջերկրական ծով, հետագայում այն պետք է դառնա Եվրոպայում ծավալվող ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս: