Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄՀանրապետական հավաքակայանի դարպասների առաջ հավաքվել են հարազատ-բարեկամ, ընկեր ու ծանոթ՝ բանակ ճանապարհելու իրենց զինվորներին…

Զորակոչ է…

Հայերիս համար արու զավակը պաշտամունքի առարկա է՝ տան ծուխը ծխացնողը,  օջախի սյունը: Մեր օջախի սյուները գնում են ծառայության, ու հիմա նրանք հայրենիքի սյուներն են …

Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից են եկել տղերքը, ամեն մեկն իր տարածաշրջանին բնորոշ խոսակցականով զրուցում են, հումորներ անում, ջանում թաքցնել ներքին հուզմունքն ու անհանգստությունը:

Մոտենում եմ անկյունում խմբված  տղաներին,  ծանոթանում-զրուցում, փորձում հասկանալ՝ ինչ ապրումներով, ինչ մտահոգություններով են բանակ գնում:

Ռուբեն Յարոյանը Հրազդանի Ջրառատ գյուղից է:

-Հինգ երեխա ենք՝ 2 եղբայր, 3 քույր: Եղբայրս՝ Սաշիկը, արդեն մեկ տարվա ծառայող է,  գնալու եմ Արցախ, եղբորս հետ ծառայեմ:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ-Մենք էլ երեք եղբայր ենք,-ներկայանում է Նաիրիի շրջանի  Նոր Գեղիից  Արամ Եղիազարյանը,- ավագ եղբորս՝ Վահագի  ծառայության ավարտին հաշված օրեր են մնացել,  հունվարի 24-ին զորացրվում է, ինքը գալիս է, ես գնում եմ,  փոքր եղբայրս  էլ՝ Էդգարը, դեռ չորս տարեկան է , ասում է՝ շուտ մեծանամ,  ձեզ նման զինվոր դառնամ, ու թշնամու հախից  մի լավ գամ:

Արամուսցի  Սարգիս Ավագյանը միանում է մեր զրույցին, Սարգիսն ապագա բանասեր  է:

-Հայրս Արցախյան պատերազմի մասնակից է,  16 տարեկանում  տնից փախել- գնացել է, որ ազատամարտին մասնակցի: Մոնթեի ջոկատում է կռվել: Մոնթեն հորս շատ էր  սիրում, հայրս այնքան բան է պատմել անվախ հերոսի մասին, նրա քաջագործությունների մասին:  Հիմա դուք ինձ ասեք՝ Մոնթեի զինվորի տղան ո՞նց կծառայի…Ես հորս հուսախաբ չեմ անի: Կգաք իմ ծառայավայր ու դուք էլ կհամոզվեք…

– Ուր էլ տանեն, լավ պիտի ծառայենք…ուր էլ գնանք՝ մեր հայրենիքն է, -ասում է   առինջցի  Հարություն Ղազարյանը ու շտապում հասնել ընկերներին, որոնք արդեն բուժկետ են մտնում:

Բուժզննում անցնելուց հետո տղաները գնում են համազգեստ ստանալու. նախորդ ձմեռային զորակոչից հանդերձավորումն արդեն իրականացվում է  հավաքակայանում:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ-Էս ինչ նման ենք իրար,- սրամտում է երիտասարդներից մեկը,- արդեն իսկական զինվորներ ենք, հիմա էլ գնանք բանակային առաջին կալորիաները ստանալու:

Ամենավճռորոշ պահն է…Վիճակահանություն սենյակում տղաները մոտենում են համապատասխան թմբուկներին ու հանում թղթերը, որտեղ ծառայավայրն է նշված: Ամեն ինչ տեսանկարահանվում  է:

Սպասասրահում ծնողներն հայացքները էկրանից չեն կտրում. դեռ հրաժեշտ չտված՝ արդեն կարոտում են զավակներին…

Հասմիկ Ավետիսյանը եկել է եղբորը՝ Գեղամին ճանապարհելու:

-Եղբայրս ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում է սովորում: Տրամադրված ու պատրաստ մեկնում է ծառայության:

-Բարով գնան, բարով վերադառնան,- ասում է նորակոչիկ Գեղամի մայրը՝ տիկին Քնքուշը՝ արցունքները  թաքցնելով:- Ես  հիմա զինվորի մայր եմ, ամուր եւ ուժեղ պետք է լինեմ:  Ուրախ  եմ, որ առողջ որդի ունեմ եւ  հպարտ,  որ  հայոց բանակում պիտի ծառայի…

Ամենահուզառատ  պահն է: Զինվոր զավակները հրաժեշտ են տալիս ծնողներին … Հրաժեշտի տաք խոսքեր, հուսադրող, գոտեպնդող  ու ոգեւորող բառերի տեղատարափ, խորհուրդներ,  գրկախառնություն …

…Դրսում նորակոչիկների նոր խումբ է ժամանել:   Հավաքակայանի մատուռի մոտ նկարում եմ նրանց:

Ամենակարող Տեր, պահապան եղիր մեր զավակներին:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս՝ հեղինակի