Հայերեն | На русском | In English
«Այստեղ մեր ազգի հերոսություններն են, համաշխարհային պատերազմում հայերի սխրանքները». այսպես ներկայացրեց պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանը իր գիրքը, որում հեղինակը ամբողջացրել ու մեկտեղել է Երկրորդ աշխարհամարտում հայկական դիվիզիաների մղած մարտերն ու հերոսական պայքարը:
Վետերանների միությունում մեծ հանդիսությամբ ու տոնական մթնոլորտում ընթերցողի դատին հանձնվեց Կլիմենտ Հարությունյանի «1941-1944թթ. հայ ռազմիկների մասնակցությունը Ղրիմի և Կերչի համար մղված մարտերին» վերնագրով գիրքը: Շնորհանդեսին ներկա էին դեսպաններ, քաղաքական գործիչներ և վետերաններ:
Ղրիմի և Կերչի մարտերի մասին պատմող Կլիմենտ Հարությունյանի գրքի առաջին շնորհանդեսը, սակայն, Ղրիմում էր: Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում հեղինակն անձամբ էր այնտեղ. «Առաջին անգամ էի լինում Ղրիմում: Մեր դիվիզիաները պայքարել էին այդ հողի վրա, և ես, իսկապես, ուրախ եմ, որ իմ գիրքը հասավ Ղրիմ: Ես նաև հնարավորություն ունեցա մեր հերոսների հիշատակը հարգել իրենց հերոսության վայրում»:
Հեղինակի խոսքով` տարիներ են պահանջվել, հետազոտվել ու ուսումնասիրվել են արխիվային բազմաթիվ փաստաթղթեր, որպեսզի հնարավոր լինի համապարփակ ներկայացնել Ղրիմի ազատագրման մարտերում հայերի ունեցած մեծ դերը: «Մենք հպարտ ենք, որ կարողացել ենք մեր անհերքելի հետքը թողնել համաշխարհային պատմության մեջ, շրջել պատմության անիվը ու հաղթանակ նվիրել ԽՍՀՄ ժողովրդին: Այս գիրքը հենց մեր հաղթանակների ու նվաճումների մասին է: Նմանատիպ գրքեր լույս պետք է տեսնեն շարունակաբար: Պետք է չթողնենք, որ պատմությունը մոռացվի»,- նշեց պատմաբանը:
Միջոցառմանը ներկա Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեծ ոգևորությամբ խոսեց հայ վետերանների և պատերազմում ունեցած նրանց դերի մասին: Դեսպանը վստահաբար ընդգծեց, որ հայերը տղամարդու պես մինչև վերջ պայքարել են Ղրիմի ազատագրման համար. «Դուք իսկապես մեծ դեր եք ունեցել ընդհանուր պայքարի ու հաղթանակի գործում: Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արել եք մեզ համար»,- ասաց դեսպանը:
Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի խոսքով էլ` այս գիրքը կարևոր փաստաթուղթ է՝ պատմությունն ապագա սերունդներին ճշգրիտ ներկայացնելու համար:
Կլիմենտ Հարությունյանի գրքի և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին անդրադարձավ նաև ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, ինչպես նաև` Հայրենական մեծ պատերազմի բովով անցած վետերանները:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ