Հայերեն | На русском | In English
Արցախում ենք բոլորս, որովհետև զինվորները մեզ համար են կենաց ու մահու կռիվ տալիս՝ հաստատելով գոյության, ապրելու մե՛ր իրավունքը։ Երկինքը մի տեսակ ամայացած է։ Երկնքում ոչ մի թռչուն չի երևում: Ամեն վայրկյան արկեր են պայթում, կրակոցների ձայները չեն լռում։ Ապաստարանի պատերն արդեն հարազատ են դարձել։ Չենք կոտրվում հերթական պայթյունի ձայնից։ Ապաստարանում երեխաներ են, կանայք, ծերեր: Կանայք ամեն զարկի հետ դռանն են մոտենում` ակնկալելով որդիների, ամուսինների տունդարձը։ Նրանց տեսնելու մեկ ակնթարթն արժե ամեն ինչ՝ ծով հանգստություն, ուրախություն, բերկրանք…
Բայց կրկին նույնը։ Ամեն բան սովորական է դարձել։
Ինձ հաջողվեց, թեկուզև կարճ, մի քանի բառ փոխանակել առաջնագծում կռվող քաջերից մի քանիսի հետ։ Նրանց խոսքը ոգևորիչ էր, հավատը` անկոտրում։ Իսկ Հակոբի ոգևորությանը չափ չկար. նա զինակից ընկերների հետ գրողի ծոցն էր ուղարկել ազերի-իսլամիստների մի մեծ ոհմակի: Հասկանում ես, որ տղաները բացառիկ ուժ, կորով ու պատրաստակամություն են ցուցաբերում։ Զինվոր ու հրամանատար՝ բոլորը կռվում են անմեկնելի անձնուրացությամբ՝ դրսևորելով մարտական փայլուն ռազմավարություն, ռազմական տաղանդ:
Մտքով, իմ ամբողջ էությամբ դիրքերում եմ, ռազմադաշտում՝ զինվորների կողքին։ Մտքով թռչում եմ այնտեղ, ուր մեր առյուծները և՛ մարտնչում են, և՛ հաղթում…
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ