Հայերեն | На русском | In English
Ա. Իրավացի բամբասանքն այն է, երբ մարդ ինքն իրեն է բամբասում, այսինքն՝ իր թերությունները քննում է և իրեն մեղավոր համարում։ Եթե սա անում է, ահա նա է ճշմարտախոս, արդար ու բարեմիտ։ Իսկ եթե իր հանցանքները թողած՝ ուրիշների թերությունն է մեջտեղ բերում ու դատում, ստախոս է ու անիրավ, որովհետև կամենում է ուղղել ուրիշների վարքը և ոչ իրենը։
Այն լեզուն, որ ուրիշներին բամբասում է, ուրիշների մեղքերն իրենով մաքրում է, իսկ ով իրեն է բամբասում, իր մեղքերի խոցն է մաքրում ու բուժում։
Բ. Շատերն էլ, իբրև թե խղճահարությունից, մեկի թերության մասին պատմելիս խոսքն իբրև խոստովանություն են ներկայացնում, կարծես եթե խոստովանություն են անում, դա բամբասանք չէ. սակայն մեծապես խաբվում են։ Քանզի ստույգ բամբասող է, ով մեկի թերությունը հայտնում է մյուսին. եթե պետք է խոստովանել, ոչ ոք իրավունք չունի խոստովանելու ուրիշների մեղքերը, այլ իր հանցանքները։ Ուստի այսպիսիները, խղճահարութամբ սկսելով, անխղճորեն բամբասում են։
Գ. Նրա վրա է մեկը խոժոռվում, նրան բամբասում ու դատում, ում մասին լսում է, թե որևէ բան է խոսել կամ գործել ի վնաս իրեն։
Բայց դո՛ւ, ո՛վ մարդ, արագ մի՛ հավատա ու դատիր, այլ քննի՛ր ու տես, թե արդյոք նա բարեկա՞մ է քեզ, թե՞ անծանոթ։
Եթե բարեկամ է, սիրով գնա՛ նրա մոտ, հարցրո՛ւ, իմացի՛ր, թե լսածդ ճշմարի՞տ է, թե՞ սուտ. բայց սա արա ո՛չ թե խռովված սրտով ու վրեժխնդրության հոգով, այլ եղբայրական սիրով։ Եթե ճշմարիտ է, խրատի՛ր կամ քո իրավացի փաստե՛րը հայտնիր, որպեսզի երկուսդ էլ բժշկվեք և դադարեք իրար գաղտնի վշտացնելուց։ Իսկ եթե ճշմարիտ չէ, ուրեմն վե՛րջ վեճին։
Բայց եթե նա անծանոթ է քեզ ու օտար, լսածիդ համար բնավ մի՛ վշտանա և մի՛ բամբասիր նրան, որովհետև իրավունք չունես ամենքին քեզ հնազանդեցնելու և ամենքի լեզուն ու ձեռքերը կապելու ու արձակելու ըստ քո կամքի։ Օտարների գործերը քո ի՞նչ հոգսն են. օտարը որքան էլ նետահարի, սաստիկ չի վիրավորում, որովհետև հեռվից արձակված նետը տկար է հարված հասցնելու համար։ Իսկ եթե այսպես չվարվես, հնարավոր չէ, որ անհավանությունից ու բամբասանքից զերծ մնաս։