Հայերեն | На русском | In English
ՀՀ պաշտպանության նախարարության և հաշմանդամների «Սատար» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, մայիսի 31-ին, ՊՆ վարչական համալիրի խաղահրապարակում կազմակերպվեց բասկետբոլի ցուցադրական հանդիպում «Բազե» և «Արծիվ» թիմերի միջև:
Ինչպես նշեց ազատամարտիկ, կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը, հաշմանդամների «Սատար» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ. հունվարին` Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների եւ ժամկետային զինծառայողների առաջին խմբի հաշմանդամների նախաձեռնությամբ. «Այսօրվա խաղի մասնակիցների ճնշող մեծամասնությունը հաշմանդամ դարձած ազատամարտիկներ եւ ժամկետային զինծառայողներ են: Այս կարճ ժամանակահատվածում կազմակերպությունը հասցրել է իրականացնել ՀՀ ԶՈՒ կազմավորման եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձերին նվիրված մի շարք արժանահիշատակ միջոցառումներ: Սայլակավոր հաշմանդամների մասնակցությամբ բասկետբոլի ցուցադրական խաղը կազմակերպված է Հանրապետության օրվա առթիվ: Տղաների համար կարեւոր է ֆիզիկապես պատրաստված լինելը, ինչը օգնում է հաղթահարել հոգեբանական դժվարությունները»:
Խաղադաշտում թիմերը ներդրեցին իրենց ողջ կարողությունները, ներկաներին ցուցադրեցին գեղեցիկ խաղ: Երբ գնդակը զամբյուղն էր նետվում, խաղին հետեւող նախարարության աշխատակիցները ոգեւորված ծափահարում էին եւ ողջունում: 19:12 հաշվով հաղթեց «Բազե» թիմը: Խաղի մրցավար եւ թիմերի մարզիչ Լեւոն Վահրադյանն արձանագրեց, որ տղաները անհրաժեշտ մարզավիճակում էին եւ իրենց ակտիվության, ամրության շնորհիվ դիտարժան պայքար ծավալեցին: Նա համոզված է, որ իրենց կհաջողվի մասնակցել նաեւ միջազգային մրցումների:
Իր խաղով աչքի ընկավ Սեւակ Մխիթարյանը, որն արդեն 6-րդ տարին է, ինչ զբաղվում է բասկետբոլով: Սևակը 17 տարեկան էր, երբ գազի բալոնի պայթյունից կորցրեց երկու ոտքը. «Սկզբնական շրջանում շատ վատ էի տանում, չէի ուզում դուրս գալ տնից, ամաչում էի, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է: Շփվում եմ տղաների հետ և զգում եմ, որ ամեն ինչ լավ է, կյանքը շարունակվում է»: Սեւակը երկու տարեկան որդի ունի եւ երազում է ոգեւորել նրան միջազգային մրցումներում իր եւ թիմի հաջողությամբ:
«Արծիվ» թիմի խաղացող առաջին խմբի հաշմանդամ Հունան Հունանյանն էլ, անկախ պարտությունից, ժպտում էր: Ասում է` մրցակիցն ավելի ուժեղ գտնվեց. «Վիրավորվել եմ 1995թ., Տավուշի Չինարի գյուղում պարտադիր զինվորական ծառայության ժամանակ, կյանքում միշտ ակտիվ եմ եղել, ուստի այդ հանգամանքը ոչինչ չփոխեց, ես գիտեմ` ինձ ինչ է պետք եւ ըստ դրա էլ շարժվում եմ: Մեր թիմի բոլոր տղաներն էլ պայքարող են եւ աշխատում են հաղթահարել խնդիրները, իսկ բասկետբոլը մեզ հնարավորություն է տալիս ինքնուրույնություն դրսեւորել թեկուզեւ` սայլակին նստած լինելով»:
Հանդիպման ավարտին պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը Սեյրան Օհանյանի հրամանով մարզական միջոցառման կազմակերպիչներին և մի խումբ մարզիկների պարգևատրեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալներով, իսկ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանն էլ հաղթողներին հանձնեց պատվոգրեր եւ ընդգծեց, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող ազատամարտիկները գտնվում են ուշադրության ներքո եւ պաշտպանության նախարարությունը մտահոգ է ինչպես նրանց առողջությամբ, այնպես էլ առօրյայի կազմակերպմամբ. «Դուք այսօր այնքան զորեղ եւ առույգ էիք, որ հետեւլով ձեր խաղին, հասկանալի դարձավ` մարմնով չէ, որ պետք է առողջ լինել, այլ նախևառաջ` հոգով»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ