Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼԸ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼԸ

«Մայր Հայաստան» զինվորական թանգարանում նշվեց զոհված ազատամարտիկ Համլետ Մինասյանի ծննդյան 55-ամյակը

Համլետ Լալազարի Մինասյանը մեր ազատամարտի հերոսներից մեկն է: Ընտանիքի միակ արու զավակն էր, օջախի ծխեցնողը, հույսը, հավատը: Թուրքմենստանի Մարի քաղաքում էր ծնվել, հետո ընտանիքով տեղափոխվեցին Երեւան: Սովորեց 62 միջնակարգ դպրոցում, ապա ընդունվեց Կամենեց-Պոդոլսկի բարձրագույն զինվորական ինժեներական ուսումնարան: Սպայական ծառայությունն սկսել է որպես դասակի հրամանատար, ծառայել Նախիջեւանում, Հեռավոր Արեւելքում, Հյուսիսային Կովկասում:

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, նա առաջին շարքերում էր:

1991թ. մասնակցեց Էրքեջի, Մանաշիդի, Բուզլուխի համար մղվող մարտերին: Աշխատանքի անցավ ՀՀ պաշտպանության կոմիտեում` գլխավոր մասնագետի պաշտոնում: Իր զինվորական փորձն էր հաղորդում ազատամարտիկներին: Հիանալի մասնագետ էր, սակրավոր: Համլետը գրեթե բոլոր սահմանամերձ շրջաններում իրականացրել է մարտական հատուկ առաջադրանքներ: Նրան բոլորն էլ սիրում եւ հարգում էին անձնուրաց նվիրումի համար:

…Թոդանը ադրբեջանական օմօնականների հենակետն էր եւ լուրջ սպառնալիք էր դարձել Շահումյանի բնակչության համար, այդտեղից ռմբակոծվում ու գնդակոծվում էին հայկական շեները եւ մեր պաշտպանական դիրքերը: Շուրջ 30 քաջերով որոշեցին ոչնչացնել հակառակորդի այդ որջը: Առաջադրանքը կատարվեց, բայց հերոս տղերքի կյանքի գնով …

Համլետ Մինասյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, նրա անունով է անվանակոչվել Հարժիսի դպրոցը, Երեւանի թիվ 62 դպրոցի ռազմագիտության դասարանը:

…Հունիսի 8-ին նա կդառնար 55 տարեկան:

Քաջարի կապիտան, հետախույզ- սակրավորի ծննդյան 55-րդ տարեդարձին էր նվիրված վերջերս հրատարակված «Համլետ Մինասյան. սակրավոր Համո» գիրք-հուշամատյանը (խմբագիր` Ավագ Հարությունյան):

Օրերս «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեղի ունեցավ հերոս քաջորդու մեծարման երեկոն եւ գրքի շնորհանդեսը:

Ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, երկրապահներ եւ Նոր Նորքի թաղապետարանի ներկայացուցիչներ: ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի պետ Ավագ Հարությունյանը հանգամանալից ներկայացրեց Համլետ Մինասյանի անցած հերոսական ուղին: Խոսեցին, հիշեցին, պատմեցին նրա մասին նաեւ մարտական ընկերները: Միջոցառման ընթացքում Համլետ Մինասյանը հետմահու պարգեւատրվեց ԵԿՄ հուշամեդալով, որը հանձնեցին հերոսի հորը:

Հուզիչ էր հատկապես Համլետի հոր` Լալազարի խոսքը:

Տարիներ են անցել որդու մահից, սակայն չի մեղմվում ծնողի վիշտը: Հպարտ է, որ զավակը զոհվել է հանուն հայրենիքի, բայց նաեւ ուզում է, որ չմոռանան հայրենիքի նվիրյալներին, արժանիորեն հիշեն նաեւ իր զավակին: Չէ՞ որ այժմ որդու մասին հիշողություններն են իրենց հոգու վերքի միակ սպեղանին…

Եվ սա էր առիթը, որ Լալազարը իր «կյանքի խոր աշնանը», որդու մարտական ընկերների հետ հրատարակեց այս գիրք-ժողովածուն, որտեղ ընդգրկվել են հիմնականում 1991-2012 թթ. մամուլում հրապարակված հոդվածներն ու մարտական ընկերների հիշողությունները Համլետ Մինասյանի մասին: Գրքի հովանավորն է Համլետ Մինասյանի որդին:

Հիշենք եւ գնահատենք մեր բոլոր հերոսներին եւ ոչ միայն առիթից առիթ:

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս. Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ