Հայերեն | На русском | In English

ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐԱԾ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ
ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐԱԾ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ

ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐԱԾ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՆՀինգ աղջիկ եւ երկու որդի ունեն Հովհաննես եւ Ալվարդ Հովհաննիսյանները, ու ահա որդիներից ավագը՝ Դավիթը, Հայրենիքի հանդեպ պարտքը կատարած տուն է վերադառնում… Աշխույժ եռուզեռ է: Դրկից-բարեկամ գալիս են աչքալուսանքի: Տոնական տրամադրությունը համակել է բոլորին: Ուշադրության կենտրոնում օրվա հերոսն է՝ զորացրված զինվորը: Նա համբերատար պատասխանում է բոլոր հարցերին. լսում մեկը մյուսից սրտառուչ բարեմաղթանքներն ու գովասանքի խոսքերը:

-Մեր եղբայրը 44-օրյա պատերազմից հետո զորակոչվեց բանակ: Հակասական հույզերով ճանապարհեցինք նրան: Ե՛վ հուզված էինք, և՛ հպարտ: Ե՛վ մտահոգ էինք, և՛ ուրախ: Ուրախ էինք, որ նա հարազատ հողի վրա, սեփական ինքնիշխան երկրի սահմանն է պաշտպանելու,- պատմում են Դավիթի քույրերը:- Մտահոգ էինք, որովհետև խաղաղությունը դեռ շատ փխրուն էր, ու կրակոցները չէին դադարել սահմանին: … Բայց Դավիթի տրամադրությունը բարձր էր, անվերջ կատակում էր, մեզ վարակում էր իր խանդավառությամբ ու լավատեսությամբ:

…Մեր Դավիթը պատվով ծառայեց: Նա զինակից ընկերների հետ անառիկ պահեց սահմանը: Բոլոր դժվարությունները հաղթահարեց անտրտունջ:

***

Քիչ անց Սիլիկյան թաղամասի բակերում զիլ հնչում են ուրախ պարեղանակները: Նույն օրը զորացրվել ու տուն են վերադարձել նաև Արման Սարգսյանն ու Մայիս Սարգսյանը: Տղաները մանկության ընկերներ են, նույն դասարանից, նույն օրն են զորակոչվել բանակ, նույն օրն էլ վերադարձել են: Եվ թաղամասում բազմապատիկ տոն է:

Քեֆ-ուրախության, կենացների ու խանդավառության մեջ, որքան էլ զբաղված լինեն հյուրասիրությամբ, մայրերի կարոտած աչքերը զինվոր-որդիների վրա է: Ու չեն կարող չնկատել, որ նրանք ավելի  առնական, ձիգ ու խրոխտ են դարձել:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ