Հայերեն | На русском | In English

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԶՈՐ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ
ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԶՈՐ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԶՈՐ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸՕրերս պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելեցին Հայրենական մեծ պատերազմի վետերան, ավագ սերժանտ Ռոզալիա Աբգարյանի հյուրընկալ օջախը: Առիթը նշանակալի էր. հունիսի 17-ին տիկին Ռոզալիան թևակոխեց իր բովանդակալից ու հագեցած կյանքի երկրորդ հարյուրամյակը: Այսօր էլ՝ պատկառելի իր տարիքում, նա մեծ սիրով ու երիտասարդական ավյունով է դիմավորում իր բոլոր հյուրերին, հյուրասիրում ու հաճույքով զրույցի բռնվում՝ հիշելով պատերազմական անցյալի վառ դրվագները, խորհելով մեր երկրի ապագայի մասին:

ԶՈՒ ԲՀԱ վարչության բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը հանդիսավորությամբ նրան է հանձնում «ՀՀ ԶՈՒ-30 տարի» հոբելյանական մեդալը, որը տիկին Ռոզալիան խնամքով ամրացնում է բազմաթիվ մեդալներով զարդարուն կրծքին:

-«Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Մարտական սխրանքի համար» մեդալ,- ժպտալով սկսում է թվարկել իր պարգևները հերոս ռադիստուհին,- «Կովկասի պաշտպանության համար», «Պրահայի ազատագրման համար» մեդալ, «Հայրենական պատերազմ» 1-ին աստիճանի շքանշան, «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ: Ահա սա էլ վաստակավոր ուսուցչի շքանշանն է …,- ասում է ու հավելում,- այնքան շատ են, որ անգամ դժվարանում եմ ազատ տեղ գտնել: Բայց այս մեդալն էլ ինձ համար շատ կարևոր ու թանկ է, քանի որ անկախացած Հայրենիքիս մեդալն է, ինձ համար այն մեծ նշանակություն ունի: Շատ շնորհակալ եմ ուշադրության ու իմ համեստ ավանդը չմոռանալու համար:

-Պաշտպանության նախարարն ու շտաբի պետը իրենց ողջույնն են ուղարկել Ձեզ և շնորհակալությունը, որ Դուք կաք ու շարունակում եք մեզ համար ուղենիշ լինել հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում,- ասում է գնդապետ Պետրոսյանը,- Դուք ապրող լեգենդ եք, քանի որ, կոտրելով հայ կնոջ մասին ավանդական պատկերացումները, հայտնվեցիք ռազմաճակատի թոհուբոհում և պայքարեցիք ու Ձեր զգալի ավանդն ունեցաք հայրենիքի պաշտպանության գործում: Ի դեպ, պատմականորեն ապացուցված է. եթե հայ կինը զենք է վերցնում, ուրեմն Հայոց բանակը կհաղթանակի:

-Ընդհանրապես, պատերազմը կնոջ գործը չէ,- նկատում է տիկին Ռոզալիան,- բայց հայ կինը միշտ իր ամուսնու և որդու կողքին է կանգնած եղել, երբ Հայրենիքին վտանգ է սպառնացել: Եվ սա շատ կարևոր է: Ես լսել եմ, որ մեր կանայք էլ շուտով կհամալրեն բանակի շարքերը:  Ճի՞շտ է,- հարցնում է տիկին Ռոզալիան և դրական պատասխան ստանալով՝ շարունակում,- շատ ճիշտ որոշում է. կնոջ դերը բանակում մեծ է: Նա կարգ ու կանոն է հաստատում, իր ներկայությամբ զգաստություն է հաղորդում, ոգի տալիս:

Ես տասնութ տարեկան աղջիկ էի, Թիֆլիսում էի ապրում ընտանիքիս՝ ծնողներիս ու երկու քույրերիս հետ, նոր էի ավարտել դպրոցը՝ գերազանցության վկայականով, երբ պատերազմն սկսվեց,- խոսակիցներին անցյալ է տեղափոխում տիկին Ռոզալիան:- 1941 թ. հունիսն էր:  Ավարտական վկայականների հանձնման կապակցությամբ հունիսի 21-ին երեկոյան մեզ իր տուն՝ թեյ խմելու էր հրավիրել Ռուսթավելիի թատրոնի վաստակավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ակակի Խորավան: Ջերմ ու հաճելի երեկո անցկացրինք, լսեցինք նրա խորհուրդները, պատմեցինք մեր ծրագրերի մասին՝ ի՞նչ ենք ծրագրում անել կյանքում, ի՞նչ ենք երազում դառնալ: Ես այդ ժամանակ բժշկուհի դառնալու մասին էի երազում: Այսօրվա պես հիշում եմ Խորավայի վերջին խոսքերը, երբ հրաժեշտ էր տալիս մեզ իր տան շեմին. «Ձեզ՝ ծով դուրս եկող նավերիդ, բարենպաստ քամի եմ ցանկանում»:  Բարձր տրամադրությամբ, ապագայի հետ կապված մեծ երազանքներով վերադարձանք տուն, իսկ  հաջորդ օրն առավոտյան արթնացանք ուրիշ մի իրականության մեջ. սկսվել էր պատերազմը…

Տիկին Ռոզալիայի տունը դպրոցի շենքից մի պատ էր բաժանում: Դպրոցում շտաբ էր ստեղծվել. հավաքվում էին երիտասարդ ու տարեց մարդիկ, զենք-զինամթերք, զինվորական հագուստ ստանում ու մեկնում ռազմաճակատ: Երիտասարդ աղջկա մեջ կասկած անգամ չառաջացավ՝ պե՞տք է մասնակցեր պատերազմին, թե՞ ոչ: Իհա՛րկե, պետք էր:

-Ընտանիքից մեկը պետք է լիներ ճակատում, և ես վճռեցի, որ ինքս պետք է գնամ: Իհարկե, ծնողներիս վերաբերմունքը միանշանակ չէր, բայց համոզեցի: Հորս արմատները Կարսից են: Մայրս արմատներով Գանձակից էր: Հորս առաջին ընտանիքը՝ կինն ու երկու որդիները, Կարսում ցեղասպանության զոհ էին դարձել: Նա ինքն էր ուզում մեկնել ռազմաճակատ, բայց նրան ասացին, որ իր պես լավ զինագործ մասնագետները ավելի օգտակար կլինեն թիկունքում: Հայրս այդ ժամանակվանից և պատերազմի ամբողջ ընթացքում օր ու գիշեր աշխատում էր. լինում էր՝ մի քանի օր տուն չէր գալիս, շարքից դուրս եկած զենքերն էր վերանորոգում ու էլի ռազմաճակատ ուղարկում:

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԶՈՐ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸԵրեք շրջանավարտներով՝ ես, ընկերուհիս ու մեր դասարանից մի տղա դիմում գրեցինք զինկոմիսարիատում: Ռադիոտեխնիկայի Ստալինյան եռամսյա դասընթացներ կային. մասնակցեցինք դրանց և մեկնեցինք ռազմաճակատ:

Բեռնատար վագոնում՝ փայտե տախտակների վրա, երկար ճանապարհ էին անցել երիտասարդները, և պատերազմի առաջին տպավորությունները շատ ծանր էին եղել 18-ամյա փխրուն օրիորդի համար: Ստալինգրադի մատույցներում նրանց գնացքը ռմբահարվել է:

-Ինքնաթիռը, որի թևերին ռուսական կարմիր աստղեր էին, պարզվեց՝ ղեկավարվում էր գերմանացի օդաչուի կողմից: Այն անսպասելի ցածր թռավ, ու  սկսեցին մեր գնացքին գնդացրից խփել: Նույն պահին էլ տեսա, թե ինչպես կողքիս կանգնած իմ մտերիմ ընկերուհին ընկավ, անշնչացավ: Սա պատերազմում ինձ պատած առաջին սարսափն էր: Ես արյան մեջ կորած էի: Կարծում էի, դա ընկերուհուս արյունն է, բայց, պարզվեց, որ ինքս էլ վիրավոր եմ, և իմ արյունն էր գլխիցս ծորում: Ինձ հոսպիտալ տեղափոխեցին, իսկ մի քանի օրից՝ զորամաս: Պետք է հասնեի  Վորոշիլովգրադ քաղաքը: Մի կերպ խցկվեցի լեփ-լեցուն վագոնը և կանգնած հասա մինչև Վորոշիլովգրադ:

Ճանապարհին աղջկա ոտքերը ցրտահարվել էին, և զորամասի փոխարեն նա սկզբում ստիպված էր բուժկետում անցկացնել:

-Այնտեղ կտրեցին կոշիկներս, սառած ոտքերս հանեցին միջից, բուժեցին: Հիշում եմ տարիքով բուժքրոջը, որ հոգատարությամբ բուժում էր ոտքերս: Դուրս գրվելիս ինձ ասաց. «Աղջի՛կս, ուզում էիր քո հայրենի՞քը պաշտպանել. դե, գնա՛ ու պաշտպանի՛ր»: Ինձ նոր սապոգներ հագցրին ու դրանցով էլ մեկնեցի ռազմաճակատ:

Ավելի քան 4 տարի՝ պատերազմի սկզբից  մինչև ավարտը, տիկին Ռոզալիան մասնակցեց մարտերին: Մտավ 88-րդ ռազմական կապի գունդ, դրա շարքերում էլ անցավ ամբողջ պատերազմը: Աշխատում էր ռադիոկայանում: Հավաքում էր համարները, որսում ալիքները, թիրախների կոորդինատներ էր հաղորդում յուրային օդաչուներին:

-Շատ բան ենք տեսել այդ ընթացքում,- շարունակում է նախկին ռադիստուհին,-  պատերազմի անչափ ծանր պատկերներ: Միակ բանը, որ այդ իրավիճակներում փրկում է՝ աշխատանքն է. անընդհատ զբաղված լինելը ուշադրությունդ շեղում է պատերազմի ծանր իրողություններից:  Մասնակցել եմ Ուկրաինայի, Լեհաստանի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի  ազատագրմանը: Չորս տարի չգիտեի՝ անկողինն ինչ է: Չեխոսլովակիայում մեզ շատ ջերմ դիմավորեցին: Պոլիչկա քաղաքում մեզ տարբեր տներում տեղավորեցին: Ինձ հյուրընկալեց տարեց, բարի  մի կին, ինձ համար անկողին պատրաստեց: Այնքան մեծ բան էր դա ինձ համար. պատերազմի ամբողջ ընթացքում վերջապես մաքուր, ձյունաճերմակ  անկողնու մեջ քնեցի:

Մի օր՝ երեկոյան, ռադիոընդունիչի մոտ նստած էի, երբ լսեցի՝ «Պո՛զեր, Պո՛զեր, օգնե՛ք, Պրահան վտանգի մեջ է»: Անմիջապես հաղորդեցի մեր ղեկավարին, և առավոտյան արդեն Պրահայում էինք: Քաղաքի համար երեք օր մղված մարտերից հետո Պրահան ազատագրվեց: Մայիսի ինն էր, որը դարձավ կրկնակի տոն՝ Պրահայի և ընդհանուր Հայրենիքի ազատագրման օրը: Հենց այնտեղ իմացանք, որ Գերմանիան կապիտուլյացիայի է ենթարկվել: Անպատմելի երջանիկ էինք. մի օրում երկու կարևոր տոն ունեցանք:

Տիկին Ռոզալիայի ամուսինը զինվորական էր, փոխգնդապետ: Ծանոթ են եղել դեռևս խաղաղ ժամանակ: Ամուսինը դեռ մինչև պատերազմը անտարբեր չի եղել նրա նկատմամբ, բայց չի հասցրել խոստովանել:

-Երբ պատերազմը սկսվեց, և մենք տարբեր ուղղություններով պետք է մեկնեինք, հանկարծ հանդիպեցինք: Հինգ րոպե զրուցելուց հետո որոշեցինք, որ պետք է անպայման հանդիպենք պատերազմից հետո: Եվ այդպես էլ ստացվեց: Թերևս ճակատագիր էր, քանի որ պատերազմից հետո երկուսս էլ նույն օրը Թիֆլիս ժամանեցինք, հանդիպեցինք իրար, ամուսնացանք և հաշտ ու համերաշխ ապրեցինք 58 տարի: Հրաշալի համատեղ կյանք ենք ապրել:  Հիանալի որդիներ ենք ունեցել ու դաստիարակել: Մեր որդիներից մեկը օդաչու է. 50 տարի քաղավիացիայում է:  Մյուսն էլ քիմիական գիտությունների թեկնածու է:

Տիկին Ռոզալիայից փորձում ենք իմանալ իր երկարակեցության գաղտնիքը:

-Գաղտնիքը երևի աշխատանքի մեջ է,- ասում է ու հավելում,- հիշում  եմ, երբ ամուսնուս հետ 1946 թ. տեղափոխվեցինք Երևան, ոչինչ չունեինք. ո՛չ սեղան, ո՛չ աթոռ, ո՛չ մահճակալ: Ես դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի էի և շատ դասաժամեր էի  վերցնում, որպեսզի կարողանանք հոգալ, լրացնել մեր կենցաղային կարիքները: Մենք երկու որդի ենք ունեցել: Աղջիկ չունեի, որ ինձ օգներ, ու ստիպված էի նաև զուգահեռ տան գործերն անել, տանտիկին լինել: Այնպես որ, կարծում եմ, ճիշտ եմ մտածում, որ աշխատանքն է, որ երկարացնում է մարդու կյանքը: Որպես մանկավարժ՝ միացնում էի տեսությունն ու պրակտիկան: Շատ դեպքերում դասերս տարբեր թանգարաններում էի անցկացնում, հետո երեխաներից պահանջում էի, որ ինչ տեսել են, գրեն ռուսերենով, զարգացնեն իրենց բառապաշարը: Յոթ տպագիր աշխատություն ունեմ, այդ թվում՝ ժողովածուներ, ձեռնարկներ, թելադրությունների գիրք և այլ մասնագիտական աշխատություններ: 1967 թ. վաստակավոր ուսուցչի կոչում ստացա:

-Զարմանում եմ, որ այսքան երկար ապրեցի,- ասում է տիկին Ռոզալիան,- էլի կուզեմ ապրել, որովհետև հարյուր տարին շատ չէ: Է՛հ, Աստված ինչքան տա, այնքան էլ կապրեմ:

Տիկին Ռոզալիան ընտանիքի սիրելին է. վայելում է բոլորի ուշադրությունը, սերն  ու հոգատարությունը:

-Տղաներս ինձ կյանք նվիրեցին: Երեք անգամ ինֆարկտ եմ տարել: Կորոնայի շրջանն էր, հիվանդանոց չէին վերցնում, իսկ տղաներս մեծ դժվարությամբ, բայց բուժումս մասնավոր հիվանդանոցում կազմակերպեցին, փրկեցին կյանքս: Բոլորից շատ գոհ եմ ու շնորհակալ: Հարգանքը, սերը ընտանիքում ամենամեծ արժեքն է, ամենամեծ երջանկությունը:

Տիկին Ռոզալիան իր պատկառելի տարիքում դեռ շատ ակտիվ է, Վետերանների միության կանանց սեկցիայի նախագահն է: Միշտ հագեցած ու լիարյուն կյանք է վարել, մշտապես եղել է բանակի ու զինվորների, ուսանողների կողքին, իր օրինակով ոգևորել, իր փորձը փոխանցել երիտասարդներին:

-Մեր երեխաները, երիտասարդները, մեր զինվորները շատ լավն են: Եթե նրանց հետ ճիշտ աշխատանք տարվի, մեր երկիրը շատ լավ ապագա կունենա: Ես մեր բանակի վրա այսօր էլ մեծ հույս եմ դնում: Վստահ եմ, որ մեր տղաները միշտ էլ իրենց լավ են դրսևորելու:

Հզոր եմ ուզում տեսնել մեր երկիրը՝ անկախ, ամուր, ինքնաբավ, ծաղկող:  Ուզում եմ, որ մենք ամեն տեղ հպարտանանք մեր երկրով, մեր Հայրենիքով:  Մեր երկրի պատմությունը, մշակույթը այնքան հարուստ է, մեր ազգն անհավանական օժտված է,  այնպիսի մեծեր է պարգևել աշխարհին՝ թե՛ գրականության, թե՛ արվեստի, թե՛ ռազմարվեստի  ոլորտներում:  Ու մեր այս ներուժի շնորհիվ, այս աստվածատուր շնորհքների շնորհիվ մեր երկիրը, մեր ազգն ու պետությունը միշտ պետք է ապրեն ու զորանան՝ անկախ բոլոր դժվարություններից: Եվ հուսամ՝ ես դա կտեսնեմ,- աղջկական առույգ ժպիտով եզրափակում է տիկին Ռոզալիան:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ