Հայերեն | На русском | In English
Բերձորի Արցախյան գոյամարտում զոհված քաջորդիների հուշահամալիրում Մայիսյան եռատոնի միջոցառմանը մասնակցեցին շրջվարչակազմի, քաղաքում գործող ձեռնարկությունների, ուժային կառույցների աշխատակիցները, ղեկավարները, ինչպես նաև դպրոցների, գիշերօթիկ հաստատության ուսուցիչներն իրենց սաներով, բնակիչներ, հյուրեր: Հուշակոթողի երեք խոնարհված պատերին, որոնց վրա Քաշաթաղի տարածքում նահատակված բոլոր քաջորդիների անուններն են փորագրված, ծաղիկներ դրվեցին: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը հայտարարեց հանդիսավոր մասի բացումը: Հնչում է Արցախի օրհներգը, այնուհետև հայտարարվում է լռության րոպե: Աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ մայիսը վերջին հարյուրամյակի ընթացքում հայ ժողովրդի համար դարձել է հաղթանակների ամիս: Անդրադառնալով Քաշաթաղի շրջանի դերին՝ նա ասաց. «Այն սկզբում կապող օղակ էր Հայաստանի և Արցախի միջև, իսկ այնուհետև, վերաբնակեցվելով և կամաց-կամաց կառուցվելով, դարձավ հայրենիք շատ ու շատ փախստականների, սփյուռքահայերի և մեզ համար, ինչպես նաև ծննդավայր մեր երեխաների համար»: Քաշաթաղի զինկոմի տեղակալ, կապիտան Ստեփան Օհանջանյանն անդրադարձավ Շուշիի ազատագրման մարտերի պատմությանը: Ողջույնի խոսք ասաց ՀՀ Երկրապահ կամավորականների միության Քաշաթաղի տարածքային բաժանմունքի նախագահ Սեյրան Ստեփանյանը: Նա կարևորեց այն փաստը, որ Շուշիի ազատագրումից հետո ավելի համախմբվեցին մեր մարտական ջոկատները, և ստեղծվեց հայոց հզոր բանակը: Միջոցառման ընթացքում ասմունքով ելույթ ունեցան մաև Քարեգահի միջնակարգ դպրոցի սաները:
Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի կարգադրությամբ 10 ազատամարտիկ և մեկ զոհվածի այրի արժանացան պատվոգրի և դրամական պարգևի: Հանդիսավոր մասից հետո երիտասարդները շուրջպար բռնեցին, որից հետո փուչիկների փունջը ձեռքում պահած փոքրիկ Մարիամը հրապարակում կանգնածների առաջ խոստացավ, որ ինքն ու իր հասակակիցները միշտ կայցելեն հուշահամալիր և կհիշեն բոլոր զոհվածների հերոսական կերպարը և կշարունակեն նրանց կիսատ թողած գործը: Երեկոյան կայացավ տոնական համերգ, իսկ ժամը 22-ին՝ հրավառություն: Նույն օրը Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի պարի խմբակի սաները ելույթ ունեցան Շուշիում: Այստեղ էին նաև Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ