Հայերեն | На русском | In English

ԱՎԱՐՏՎԵՑ «ԴՅՈՒՑԱԶՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «ԴՅՈՒՑԱԶՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

«Դյուցազն» որակավորման համար ամենամյա համաբանակային մրցույթի ընթացքում զինված ուժերի տարբեր զորամասերի զինծառայողները մրցել են լավագույնի տիտղոսին արժանանալու համար:

Որակավորման շնորհման նպատակն է բացահայտել զինված ուժերի առավել պատրաստականություն ունեցող զինծառայողներին, հատուկ առաջադրանքների միջոցով բարձրացնել նրանց մարտավարամասնագիտական ունակությունները, տեսական ու գործնական գիտելիքները, մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործել գործնական կարողությունները մարտական խնդիրների պլանավորման, կազմակերպման և իրականացման ուղղությամբ, պատրաստել զինծառայողներին արտակարգ իրավիճակներում ինքնուրույն մարտական խնդիրներ կատարելուն, զարգացնել արգելքների հաղթահարման և վճռական գործողությունների կատարման ունակությունները:

Ստուգատեսի ընթացքում նախատեսված էին օդադեսանտային պատրաստության վերգետնյա պարապմունքներ, պարաշյուտային թռիչքներ, վարժություններ կրակային պատրաստության` նախնական հրաձգության և ստուգողական հրաձգության պարապմունքներ, զենքի քանդման-հավաքման վարժություններ, արգելագոտու հաղթահարում, որի միջոցով ստուգվում է զինծառայողների ֆիզիկական պատրաստականության մակարդակը, վարժությունների կատարում՝ ուղեկցված անսպասելի պայթյուններով, ուսումնական փամփուշտների միջոցով հրաձգությամբ և այլն: Մրցույթի ամփոփիչ փուլում նախատեսված էր երթարշավ արգելքների հաղթահարմամբ և լրիվ հանդերձավորմամբ: Երթարշավի ընթացքում մասնակիցներին տրվել են անսպասելի առաջադրանքներ` ջրային գոտու, թունավոր նյութերով վարակված տարածքի հաղթահարում և այլն:

Հոկտեմբերի 4-ին կայացել է «Դյուցազն» որակավորման կարգի շնորհման համաբանակային մրցույթի վերջին` «Ուսումնական մենամարտ» փուլն ու մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:

Ստուգատեսի եզրափակիչ փուլի ընթացքին հետևել և մասնակիցներին ողջունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Եզրափակիչ փուլի ավարտին հաջորդել է վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: 17 զինծառայողներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից ստացել են վաստակած պարգևը՝ «Դյուցազն» որակավորման կարգը:

Շնորհավորելով զինծառայողներին և զինված ուժերի ղեկավարության անունից երախտագիտություն հայտնելով անձնվեր ծառայության համար` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրականում հաղթողներ և պարտվողներ չկան, քանի որ մրցույթին մասնակցությունն արդեն իսկ վկայում է զինծառայողների մարտավարամասնագիտական բարձր կարողությունների մասին: Սեյրան Օհանյանը նաև հույս է հայտնել, որ «Դյուցազն» որակավորում ստացած զինծառայողների օրինակը վարակիչ կլինի մյուսների համար: