Հայերեն | На русском | In English

ԿԱՏՅՈԽԵՆ ՋԸՆՍ ԱՅ ՍԼՈՒԺԲԱ, ՍՈԼԴԱՏ ԿԱՄ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԶԻՆՎՈ՛Ր
ԿԱՏՅՈԽԵՆ ՋԸՆՍ ԱՅ ՍԼՈՒԺԲԱ, ՍՈԼԴԱՏ ԿԱՄ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԶԻՆՎՈ՛Ր

Ասորիներն աշխարհի մեր կողմերից են, նրանց քիթը մեր քթի նման է, աչքերը՝ մեր աչքերի, սիրտը՝ մեր սրտի: Նրանց լեզուն ուրիշ էր, երբ նրանք խոսել են, մենք չենք հասկացել, բայց, միեւնույն է, մենք շատ նման ենք եղել:

Վ. Սարոյան

Միայն Վերին Դվին գյուղից 30 ասորի երիտասարդ է այսօր ծառայում Հայաստանի բանակում: Ծառայում են պատվով, նվիրումով: Նրանց ծնողները հաճախ են ծառայավայրից շնորհակալագրեր ստանում: Այլ կերպ չէր էլ կարող լինել. հայաստանաբնակ ասորիների համար Հայաստանը վաղուց ծննդավայր է, երկրորդ հայրենիք:

Ասորիները մեր երկրի բնակչության կազմում ազգային փոքրամասնություններից երրորդն են՝ եզդիներից և ռուսներից հետո: Հայաստանում ասորական համայնքներ կան Դվինում, Արզնիում, Դիմիտրովոյում, Նոր Արտագերսում:

Ասորական ամենամեծ համայնքը Հյուսիսային Իրաքում է: Համայնքներ կան նաև Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում:

Ասորիների առաջին ներգաղթը Հայաստան թվագրվում է 1805-08 թթ., երբ ասորական 20 ընտանիք Թուրքիայի Մամդսան բնակավայրից տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Գյոլայսոր բնակավայրում (ներկայիս Խոսրովի անտառի տարածք): Երկրորդ ներգաղթը Հայաստան տեղի է ունեցել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Թուրքմենչայի պայմանագրով:

♦♦♦

Վերին Դվինում ենք: Այստեղ է կենտրոնացած Հայաստանում ասորական ամենամեծ համայնքը: Համայնքի ղեկավարը ասորուհի Լյուդմիլա Պետրովան է:

-Ասորիների և հայերի ճակատագրերը նման են իրար,- ասում է համայնքի ղեկավարը:- Մենք էլ հայերի նման հայրենիք, ծննդավայր ենք կորցրել, ցեղասպանության ենթարկվել և հայերի նման սփռված ենք աշխարհով մեկ:

Մենք հայերի հետ շատ ընդհանուր նմանություններ ունենք՝ փառահեղ պատմություն, հնագույն մշակույթ, ավանդապաշտություն, պատվախնդրություն և այլն…

Հայաստանը մեր հայրենիքն ենք համարում: Ասորիներս Հայաստանում ապրում ենք լիարժեք կյանքով: Ունենք դպրոց, մշակույթի տուն, որտեղ գործում են երգի-պարի խմբեր: Համայնքն ունի նաև գործող եկեղեցի` Մար Թումասը, որը կառուցվել է 1828 թվականին: Այստեղ ամեն կիրակի մեր լեզվով պատարագ է մատուցվում:

Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողի մշակմամբ և ունենք առօրյա նույն հոգսերը, ինչ հայերը, Հայաստանի մյուս բնակիչները:

Արցախյան պատերազմի ժամանակ էլ շատ ասորիներ զենք վերցրին, կանգնեցին հայերի կողքին ու կռվեցին ընդհանուր թշնամու դեմ: Ասորիներից ինքնապաշտպանական ջոկատներ կազմվեցին, ունեցանք նաև զոհեր:

Այսօր էլ մեր ասորի երիտասարդներն առանց մեկ վայրկյան իսկ տատանվելու մեկնում են ծառայության: Ծառայում են պատվով, նվիրումով:

Հայոց հողին խաղաղություն եմ ցանկանում, իսկ հայրենիքի բոլոր զինվոր տղաներին, կապ չունի ազգությունը, կրոնը, դավանանքը, բարի ծառայություն` Կատյոխեն ջընս այ սլուժբա, սոլդատ:

♦♦♦

Համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովայի հետ զրույցից հետո որոշել էի անպայման հանդիպել անցած տարվա օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում փոխհրաձգությունների ընթացքում վիրավորված Վիկտոր Աբրամովին:

Վիկտորենց տանն ենք. գեղեցիկ այգի, տուն, ու եթե ասորական բառերն էլ ականջիդ չհնչեին, կկարծեիր՝ հայկական սովորական մի ընտանիքում ես:

-Երբեք մտքովս չի անցել բանակում չծառայել: Ես այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այստեղ իմ տունն է, ծնողներս ու հարազատներս, այնպես որ՝ գիտակցումով եմ մեկնել ծառայելու,- ասում է Վիկտորը:- Լավ եմ ծառայել: Շնորհակալագիր եմ ստացել: Բանակում հրաշալի հայ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ կապը չի ընդհատվել: Հաճախ են զանգում, առողջականիցս հարցնում:

Որքան էլ որ ծանր են հիշողությունները, այնուամենայնիվ, խնդրում եմ Վիկտորին պատմել այդ դաժան օրվա մասին:

-Օգոստոսի 7-ն էր: Մինչ այդ էլ լարված անընդհատ կրակում էին: Գիշերվա ժամը 12-ի կողմն էր, ուժեղ փոխհրաձգություն սկսվեց: Այդ օրը մի պայմանագրային զինծառայող վիրավորվեց ու ես: Ցավ սկզբում չեմ էլ զգացել, կարծում էի` միայն զրահաբաճկոնս է ծակծկվել, արյուն չկար վրաս, բայց… Հետո հասցրին Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ թոքս վիրահատեցին, ապա ուղղաթիռով տեղափոխեցին Երևան` կենտրոնական կայազորային հոսպիտալ£ Խնդրում եմ, իմ անունից թերթով շնորհակալություն հայտնել հոսպիտալի բժիշկ Խորխմազյանին, բոլոր բժիշկներին, բուժքույրերին, ովքեր ինձ ոտքի կանգնեցրին, արեցին հնարավորն ու անհնարինը:

Վիկտորի մայրը` Լիաննա Յուխաևան, որ մինչ այդ ունկնդրում էր որդուն, հուզված լրացնում է.

-Տղաս բազմաթիվ վնասվածքներ էր ստացել` վնասվել էր լյարդը, թոքը, ստամոքսը… Մենք գյուղի մարդիկ ենք, հողի աշխատանք ենք անում, որդիս ամեն կերպ ուզում է մեզ օգնել, սակայն առայժմ առողջականն այն չէ. շուտ է հոգնում, նեղսրտում է: Է՜հ, ինչի՞ համար են այս պատերազմները: Աշխարհի բոլոր մայրերը միայն խաղաղություն են ուզում:

♦♦♦

Այցելեցինք նաև Նիկոլայ Աբրամովին, որ վերջերս է զորացրվել:

-Ամեն տղա էլ մինչև զորակոչվելը միշտ մի ներքին անհանգստություն է ապրում` որտե՞ղ կծառայի, ի՞նչ փոխհարաբերություններ կլինեն: Բանակում տարբեր խառնվածքի մարդկանց հետ ես շփվում, հեշտ չէ: Ծառայավայրում խնդիրներ չեմ ունեցել: Հայերի կողքին ինձ երբեք օտար չեմ զգացել, խտրականություն էլ չի եղել:

Զինվորական ընկերներիս հետ էլ երկու տարում չորս Նոր տարի ենք նշել` երկուսը հայկական, երկուսն էլ ասորական: Մերը ապրիլի մեկին է` Խաբն Նիսան` սիրո, բերկրանքի, պտղաբերության տոնն է խորհրդանշում, բնության վերածնունդը:

Մինչ բանակ զորակոչվելս Եվրոպական ակադեմիայում էի սովորում, մտադիր եմ ուսումս շարունակել:

♦♦♦

Անկախության ամենամեծ երաշխավորը մեր բանակն է, իսկ բանակում հայազգի տղաների կողքին անձնվիրաբար ծառայում ու մեր երկրի դարպասներն ամուր, անառիկ ու անխախտ են պահում նաև մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների զավակները:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր