Հայերեն | На русском | In English
Աննա Ասլանյանը 14 երեխաների մայր է. վեց որդի ունի, ութ դուստր: Տղաներից երկուսը՝ Ավետիքն ու Հակոբը, արդեն կատարել են զինվորական պարտքը Հայրենիքի հանդեպ, Սողոմոնը կզորակոչվի ամռանը, հետո բանակ կգնան Էռնեստը, Մանուկը, իսկ ամենավերջում՝ Մոնթեն, որը հիմա վեց տարեկան է: Մեր զրույցը հերոսուհի մոր նվիրումի, սիրո, պայքարի ու հաղթանակի մասին է:
-Աննա ջան, անհավանական աշխատասիրությունը, կամքը, ամրությունը, խիզախությունը և մյուս առաքինությունները, որ ունեք, հաստատ ինչ-որ առատ աղբյուրից են բխում: Գուցե գենետիկորեն է Ձեզ փոխանցվել, գուցե սովորել եք ինչ-որ մեկից…
-Երբ ես փոքր երեխա էի ու նոր-նոր էի սկսում սովորել լավն ու վատը, ճիշտն ու սխալը, իմ կողքին Փառանձեմ տատս էր: Նա Ջերմուկում՝ մեր տանը չէր ապրում, այլ Էջմիածնում, բայց ես հաճախ էի այցելում նրան: Տատս փառահեղ կին էր, իսկական հայուհի, մեծ տիկին: Ձայնը մեղմ էր, խոսքը՝ տեղին, ձեռքը՝ հունարով, սիրտը՝ բարի, ու անհավանական աշխատասեր էր: Տատս անընդհատ գործ էր անում, ես էլ պոչից կպած՝ մեկ այգի էի գնում, մեկ խոհանոց… Ամբողջ տարին աշխատում էր, աշնանը բերքուբարիքը լցնում էր մառանը. պահածոներին թիվ ու հաշիվ չկար: Էրեխեքս թող պակասություն չտեսնեն՝ ասում էր: Տատս ինձ երբեք չի խրատել. տեսել, սովորել եմ: Բա ինչքան հեքիաթ ու բանաստեղծություն գիտեր: Ամեն գիշեր քնելուց առաջ պատմում էր: Ես շատ էի տպավորվում այդ պատմություններից, դաստիարակվում էի, ազնվություն, բարություն, համարձակություն էի սովորում: Ու հավատում էի (հիմա էլ եմ հավատում), որ բարին վաղ թե ուշ հաղթելու է, իսկ անազնիվ ճանապարհը չարիք է բերելու: Տատս սիրուն էր խոսում, էնքան լավ էր խորհուրդ տալիս՝ խաթրով, համոզելով, սիրելով…Ես մինչև հիմա օրինակ եմ վերցնում Փառանձեմ տատիցս: Դժվարության հանդիպելիս մտածում եմ՝ տատը ի՛նչ կասեր, ոնց կվարվեր:
…Ես դժվար մանկություն եմ ունեցել: Հայրս սահմանին էր, պաշտպանում էր մեր Հայրենիքը ու երեք տարի տուն չեկավ: Սովը, մութը, ցուրտը ինձ համար նույնանում էին մի բառի հետ՝ պատերազմ: Ես 10-11 տարեկան էի այդ ժամանակ: Ինձ թվում էր՝ պատերազմը ահարկու հրեշ է, որ կերել է ամեն ինչ, տարել է բոլոր լույսերն ու գույները, ու ցուրտ է փչում երախից: …Հետո ես, մայրս ու եղբայրս տեղափոխվեցինք Ղարաբաղ՝ հորս մոտ: Հայրս անասուններ էր պահում ու մեղվի փեթակներ ուներ: Բայց կյանքն էլի դժվար էր: Ու ես մի բան հասկացա՝ աշխատանքով ամեն դժվարության կհաղթես: Աշխատանքն ամենազոր է:
Ղարաբաղում էլ ծանոթացա ապագա ամուսնուս՝ Վիրաբի հետ: Իմ 13 երեխաները Ղարաբաղում են ծնվել, միայն Մոնթեն է երևանցի:
-14 երեխա՝ մի տան մեջ, ինչպե՞ս եք կարողանում դաստիարակել նրանց, խաղաղություն հաստատել տանը, հոգալ յուրաքանչյուրի հոգսը:
-Ինձ համար ամենակարևորը իմ ու ամուսնուս հարաբերություններն են, որովհետև դրանից է կախված մյուսների պահվածքը: Եթե ես ու ամուսինս տան մեջ չենք բղավում, չենք վիճում, երեխաները հետևում են մեր օրինակին: Եթե մենք լսում ենք իրար, հանդուրժում ենք, զիջում, երեխաները սովորում են մեզնից: Ընտանիքը սեր է, հարգանք, հոգատարություն, աշխատանք: Մեծ ընտանիքում սերը, հոգատարությունը, հարգանքն ու աշխատանքը բազմապատկված են: Մեծ ընտանիքում երեխաները շուտ են հասունանում ու լավ մարդիկ են դառնում: Իմ երեխաներից մեծերը խնամում են փոքրերին, օգնում են ինձ ու հորը: Ամուսինս երկու տեղ է աշխատում, որ երեխաները անհոգ մանկություն ունենան: Նրանք չեն կարող չգնահատել դա ու չեն կարող չվարակվել այդ սիրով, նվիրումով, պատասխանատվությամբ…
-Ի՞նչ խորհուրդներով եք բանակ ճանապարհել Ավետիքին ու Հակոբին:
-Ես անսահման սիրում եմ Հայաստանն ու իմ ժողովրդին: Չեմ կարող բառերով բացատրել, թե հայրենի հողի ամեն թիզը ու յուրաքանչյուր հայ մարդ որքան հարազատ է սրտիս, որքան իմն է: Հայրենիքը պաշտպանող յուրաքանչյուր մարտիկ իմ տան հերոսն է, իմ երեխաների հերոսը: Առաջնեկ որդուս անունը Ավետիք է, Ավո, դա ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի իսկական անունն է, իսկ կրտսեր որդուս անունը հենց Մոնթե է: Անհրաժեշտություն չկար, որ Հայրենիքը պաշտպանելու մասին խրատներ կարդայինք որդիներիս, ես ու ամուսինս նրանց արյան, կաթի հետ ենք հայրենասիրություն ներարկել: Ինչպե՞ս կարող էր իմ Ավոն չսիրել Հայրենիքը, երբ գիտեր, թե ում անունն է կրում: Մենք ուրիշ խրատ ենք տվել մեր զավակներին բանակ ճանապարհելիս, ասել ենք՝ ընկածին բարձրացրու, վեր ձգիր: Սա նշանակում է՝ կանգնիր թույլի կողքին, դիմակայիր վատին, համարձակ եղիր, գթասիրտ եղիր…
-Հիմա Երևանում եք ապրում:
-Պետությունը երեք սենյականոց բնակարան տվեց: Շնորհակալ եմ, որ մեր ծածկն ունենք գլխավերևում:
-Քանի՞ հոգով եք ապրում այդտեղ:
-Ես, ամուսինս, 11 երեխաներս (երեքն ամուսնացել են, առանձնացել): Նաև հայրս, մայրս, եղբայրս: Նրանք բռնագաղթել են Ղարաբաղից ու մեզ հետ են ապրում:
-16 հոգի՝ երեք սենյականոց բնակարանում…Ու Դուք չեք բողոքում նեղվածքից, դժվարություններից, ոչ մի տրտունջ, ոչ մի դժգոհություն չլսեցի:
-Կարևորը՝ մեր սիրտը լայն է, մեր տունը լցված է ուրախությամբ ու սիրով: Ես լավատես եմ. երեխաները կմեծանան, կաշխատեն, կգտնեն իրենց ապրուստը, իրենց տունուտեղը: Հույս ունեմ՝ այնքան ամուր ու կանգուն կլինեն, որ անպայման ինչ-որ մեկին էլ վեր կձգեն: Երկիրն այդպես է ուժեղանում՝ երբ դու բարձրանում ու բարձրացնում ես ընկածին: Մի օր էլ տեսնում ես, որ բոլորը կանգուն են, ոտքի վրա: Ու Հայրենիքն է կանգուն:
-Դուք բանակին 2 որդի եք տվել, չորսն էլ զորակոչվելու են: Ութ դուստր ունեք, որոնք ապագա զինվորներ են ծնելու: Իսկ ի՞նչ եք ուզում պետությունից…
-Խաղաղություն եմ ուզում: Մնացած դժվարությունները սեփական ուժերով կհաղթահարենք:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ