Հայերեն | На русском | In English
…Հայը գնալու է իր ճանապարհով, որքան էլ շատ լինեն դժվարությունները, եւ այդ ճանապարհը նոր հաղթանակներ է բերելու հային, որովհետեւ դա ճանապարհ է արդարության, խաղաղ կառուցման եւ ազնիվ վերաշինման։ Իր հայրենիքի բարգավաճման, իր իսկ բարօրության։
Կոչենք ապրողաց, այսինքն՝ ինքներս մեզ, միշտ քայլելու այդ ճանապարհով, լինելու նրա անխոնջ ճամփորդը։
Կոչենք ապրողաց, այսինքն՝ ինքներս մեզ, միշտ լինելու մեր Մեծ ուխտի ուխտավորը, իսկ դա ուխտն է մեր ազգային միաբանության ու միասնության։ Ուխտն է մեր հավաքական ուժի, որ հենց այդ միաբանության եւ միասնության մեջ է։
Կոչենք ապրողաց, այսինքն՝ ինքներս մեզ, փառաբանելու մեր ազգը հայրենաշեն նոր գործերով, հավատարիմ լինելու հայրենյաց զորացնող ավանդներին, հարստացնելու դրանք նոր ժամանակների շնչով եւ պահելու-պահպանելու հայի մեր տեսակը, որքան էլ շատ լինեն մարտահրավերները եւ ժամանակները՝ խառնակ։
Եթե քարավան է ձգվելու մեր հինավուրց հողում, ապա դա թող միշտ լինի քարավանը, որ ամեն տարի, ապրիլի 24-ին, ձգվում է դեպի Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ դնելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։
Կոչենք ապրողաց, այսինքն՝ ինքներս մեզ, հավիտյանս վառ պահելու նրանց հիշատակը։ Տուրք է դա, որ պետք է տրվի եւ տրվի ոչ միայն ծաղիկներով, այլեւ հայրենանորոգ նոր գործերով, որ կատարելու ենք։ Անպայման։ Ազգովի։
Մեծ եղեռնի «մեծ զուլումի» ժամանակներն էին, ենիչերի կեռ մահիկը մահ էր սփռում ամենուր, հայի անմեղ արյունն էր ծոր տալիս իր հանդ ու արտին, քամվում, եւ Թումանյանը՝ «հայոց անհուն վշտի» մեծ վերապրողը, իր ամբողջ բարձր հասակով ելավ գաղթականների, որբերի սովալլուկ ամբոխի միջից եւ իր հզոր ձայնով թուրք ջարդարարի երեսին նետեց. «Դու կարող ես հայի մարմինը տանջել, բայց նրա հոգու հետ ի՞նչ ես անելու»։
Իր ժողովրդի ձայնն էր, Վարուժանի, Սիամանթոյի, Զոհրապի ձայնը, Դեր Զորի անթաղ մեռելների ձայնը…
Մի վկայություն կա, որ հայ հոգու, հայ ոգու խորհրդանիշ կարող է ծառայել՝ ստույգ այդպես է. գնում է յաթաղանից փրկված հայերի քարավանը հոգնած ու տանջահար, փրկության ափը դեռ չի էլ երեւում, մոտի՞կ է, հեռո՞ւ է՝ ոչ ոք չգիտի, ու երբ դժբախտ այդ արարածների ամբոխը կանգնում է՝ մի քիչ դադար առնելու, տեսնողներ են եղել, հետո պատմել՝ մի հայուհի, երեխային ծնկներին առած, ավազի վրա տառեր է գրել, մեսրոպյան գրե՜ր, որ որդին իմանա դրանք, ճանաչի…
Ո՞վ կարող էր ինչ անել հայի այս հոգու ու ոգու հետ, որ հենց Մեսրոպից էին գալիս, Շիրակացուց, Նարեկացուց, մեր հին մատյաններից։
Չկարողացան ոչինչ անել եւ չարեցին։
Թոթովենցի պես գերազնիվ գրողն է վկայում՝ հայ մայրերն իրենց ժողովրդի ամենամղձավանջային պահերին անգամ չեն ընկճվել եւ անգամ երգեր են հորինել, երգել։ «Երաժշտությունը, որ կբխեր մեր հարսներուն եւ աղջիկներուն կուրծքերեն,- վկայում է նա,- շուրթերուն վրա ծաղկեցնելով ձայնաթրթիռ լույս մը՝ լուսավորում էր անմեղ շինական, աննմանորեն համեստ սիրո եւ հափշտակության աշխարհը»։ Բայց շուռ եկավ գեղեցիկ այդ աշխարհը, որովհետեւ թուրքն անցավ նրա վրայով։ Եվ պատմում է Թոթովենցը՝ եղեռնի օրերին, Երիզայի դաշտում, մոտեցել է Եփրատին եւ տեսել, թե ինչպես հայ կինը լվանում է որդու շորերը եւ հետն էլ երգում.
Ես քու շորերդ, իմ տղաս,
Հորդ արյունով ներկված
Եփրատին մեջ լվացի…
Երգելու էր, որովհետեւ ուզում էր, որ որդին ապրի եւ ապրի հոր նման՝ կռվի, եթե պետք է, նահատակվի, եթե դա է ճակատագիրը։
Ո՞վ կարող էր ինչ անել հայի այս հոգու ու ոգու հետ, որ հենց մեծ սուրբ նահատակներից էին գալիս, Վարդանից ու բոլոր դարերի Վարդաններից։
Չկարողացան ոչինչ անել եւ չարեցին։
Մենք չէ, մի օտար մարդ՝ Վլադիմիր Գորդլեւսկին է իր տեսածը պատմում։ Եղեռնի դժնդակ շրջանում նա ռուսաց բանակի սպա էր, հետո նշանավոր արեւելագետ էր դառնալու, ակադեմիկոս ու տարիներ անց վերհիշելով՝ գրելու էր մի տեսարանի մասին։ Եղեռնից հրաշքով փրկված հայերի քարավանը ձգվում է դեպի Արաքսի այս ափը՝ փրկվելու. «Ահա եզը դանդաղ քաշում է ճռռացող սայլը, որի վրա դարսված են տնային կահկարասիքը, իսկ կողքից քայլում է մի կին՝ մեկ ձեռքին հայելի, իսկ մյուսին՝ սուր։ Դատեցեք՝ ի՞նչն է նրա մոտ ավելի ուժեղ՝ կոկետությա՞ն բնազդը, թե՞ ինքնապաշտպանության»։
Դատենք՝ երկուսն էլ ուժեղ են։ Որովհետեւ նա կին էր, հայուհի, որ գաղթի չարչարանաց ճանապարհին անգամ չէր ուզել կորցնել իր կանացիությունը, ավանդական վարքուբարքը եւ հայելի էր վերցրել հետը, որքան էլ դա հարմար չլիներ քարշ տալու։ Բայց եւ սուր էր վերցրել մյուս ձեռքին, որովհետեւ կին էր, հայուհի եւ գիտեր կռվել՝ ինքնապաշտպանվելու եւ պաշտպանելու ուրիշներին։
Հայելի եւ … սուր։
Ո՞վ կարող էր ինչ անել հայի այս հոգու ու ոգու հետ, կոնկրետ՝ այն անանուն հայուհու եւ իր նման հազարավոր հայուհիների հոգու եւ ոգու հետ, որ հայոց բարձրակենցաղ տիկնանց տիկիններից էին գալիս ու հենց իրենց քաջակորով մամիկներից, պարզապես հայ բարեպաշտ գեղջկուհիներից։
Չկարողացան ոչինչ անել եւ չարեցին։
Արաբ հեղինակներից մեկը՝ Ֆայեզ Էլ Ղոսեյնը, կոտորածների օրերին Դիարբեքիրում էր ու իր տեսածի մասին գրեց. «Ո՞վ կարող է պատկերացնել այն զգացումը, որ ճմլում է ականատեսի սիրտը, երբ նա մտածում է հայ դժբախտ եւ հերոսական ազգի մասին, որ զարմանք է պատճառել աշխարհին իր հերոսականությամբ ու փառքով, որ դեռ երեկ Օսմանյան կայսրության մեջ ապրող բոլոր ազգերից ամենակենսունակ ու առաջավոր ազգն էր»։
«Ամենակենսունակ եւ առաջավոր» ու միաժամանակ՝ «դժբախտ եւ հերոսական ազգ»…
Այն բարբարոսական շրջանում էր՝ հայոց մասին խոսեց եւ հայ դատը պաշտպանեց մեր մեծ բարեկամներից մեկը՝ Անատոլ Ֆրանսը։ Փարիզում բոցաշունչ ելույթ ունեցավ եւ ասաց. «Մենք հասկացանք վերջապես, որ մեր քույրն է մահանում Արեւելքում եւ մահանում է հենց նրա համար, որ նա մեր քույրն է, որի հանցանքն այն է, որ նա կիսել է մեր զգացումները, սիրել է այն, ինչ մենք ենք սիրում, մտածել է այնպես, ինչպես մենք, հավատացել է նրան, ինչին մենք ենք հավատում, եւ մեզ նման գնահատել է իմաստությունը, արդարությունը, պոեզիան, արվեստը։ Այդ է նրա անքավելի հանցանքը»։
Արաբ հեղինակի բնորոշումներին, ուրեմն, հավելենք ֆրանսիացունը՝ իմաստությունը, արդարությունը, արվեստները գնահատող եւ սիրող ազգ։
Անատոլ Ֆրանսը եվրոպացի էր եւ հայ ազգը համարում էր եվրոպական ազգերի քույր։ Այսինքն՝ եվրոպական ընտանիքի անդամ, քաղաքակիրթ ազգ, եւ մարգարեանում էր. «Հայաստանը հոգեվարքի մեջ է, բայց նա կվերածնվի։ Ոչ մեծ քանակությամբ այն արյունը, որը նա դեռ պահպանել է, շատ թանկարժեք արյուն է, որից հերոսական սերունդ կծնվի»։
Ծնվեց այդ սերունդը, եւ Հայաստանն ապրեց։ «Շատ թանկարժեք արյունը» խաղաց հայի երակներում, եւ նա ապրեց, որովհետեւ, նույն Ֆրանսի խոսքերով՝ «չուզեց մեռնել»։
Եվ կատարվեց հայոց դարավոր երազանքը՝ Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Այդ մեծագույն իրադարձության ոչ միայն ականատեսները, վկաները եղանք մենք, այլեւ մասնակիցները։
Մենք դրեցինք մեր նոր պետականության շենքի առաջին քարերը, եւ շենքն այդ օր առ օր, տարի առ տարի բարձրանում է, ու մենք, որ առաջին շինարարների սերունդն են, իրավունք ունենք հպարտանալու։ Իրավունք ունենք գլուխներս բարձր քայլելու։ Եվ իրավունք ունենք կոչելու ապրողաց, այսինքն՝ ինքներս մեզ, եւ ասելու ի լուր աշխարհի.
Տանջեցին հայի մարմինը, բայց հոգու եւ ոգու հետ ոչինչ անել չկարողացան։ Հայի ոգին անմահ է։
Ն.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ