Հայերեն | На русском | In English
Փոխգնդապետ Գարեգին Մուրադյանի մասին զորամասում թե՛ սպաները, թե՛ զինվորները առանձնակի ակնածանքով եւ ջերմությամբ են խոսում. «Մեր լավագույն զինվորականներից է՝ կիրթ, խստապահանջ, բայց եւ՝ սրտացավ, ամեն հարցով զինվորների կողքին, զինվորի հոգսով ապրող»:
Զինվորական գործի հանդեպ սերը ձեւավորվել էր դեռ մանկուց, պատմության ուսուցչուհի մայրը բազում ուշագրավ պատմություններ էր պատմում հայոց փառահեղ անցյալից, միշտ հիշատակելով նաեւ ֆիդայի նախապապին՝ Շատախցի Մանուկին: Տասնամյակներ անց՝ Արցախյան ազատամարտի ժամանակ, հայրը՝ Կարեն Մուրադյանը, հոր հորեղբայրն ու հորեղբորորդին կամավորագրվեցին (հորեղբայրն ու որդին զոհվել են Բերքաբերի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ)։
Հայրն այդ տարիներին ծառայության անցավ նոր-նոր ձեւավորվող հայոց բանակի շարքերում, մոտ երեք տասնամյակ նվիրված ծառայեց բանակում, պահեստազորի փոխգնդապետ է, հիմա «էստաֆետը» հանգիստ խղճով ու սրտով հանձնել է որդուն։
Որդին հոր ուղին ընտրեց՝ հստակ պատկերացնելով հայրենիքի պաշտպանի մասնագիտության ամբողջ դժվարություններն ու բարդությունները՝ փայլուն ուսադիրների հետեւում ամեն ինչ չէ փայլուն՝ ահռելի պատասխանատվություն, տքնանք, հիասթափություններ… Բայց Գարեգինը բնույթով շուտ ընկճվողներից չէ:
Ռազմական տարբեր բուհերում է ուսանել երիտասարդ սպան՝ ՉԺՀ ակադեմիա, ոսկե մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան, որի Պատվո պատին ոսկե տառերով գրված է նաեւ իր անունը:
Ուսման մեջ միշտ լավագույնների շարքում էր, նույն սկզբունքով էլ առաջնորդվում է նաեւ զորամասային ծառայության ընթացքում. տարբեր զորամասերում ծառայել է որպես վաշտի հրամանատար, շտաբի պետ:
***
Գարեգինը 44-օրյա պատերազմի մասնակից է, կռվել է Իշխանաձորում, Կարենավանում…
Անցյալ տարի այս օրերին վտանգված էր հայրենի եզերքի մի հատվածը, կենաց-մահու մարտեր էին:
-Տպավորված եմ մեր զինվոր տղաների պահվածքով եւ քաջությամբ՝ առյուծի սիրտ ունեն… Կյանքով լցված, կյանքն այդքան սիրող տղաները պատրաստ էին առանց վարանելու կյանքը տալու հայրենիքին…18-20 տարեկան ժամկետայինները այնքան վարժ, այնքան կազմակերպված ու գրագետ էին գործում, ասես՝ կռիվների բովում հազար տարի թրծված լինեին: Հիշում եմ՝ հոկտեմբերի 21-ին լեյտենանտ Երվանդ Խաչատրյանն ու շարքային Չաչոյանը «ֆագոտով» կարողացան խոցել հակառակորդի հրթիռահրետանային միջոցը. ոնց էինք ցնծում ուրախությունից…
Սպաներով որոշել էինք գնալ հերթական առաջադրանքներից մեկը կատարելու, ժամկետայինները խնդրում էին, որ իրենք էլ մասնակցեին: Շարքային Հովհաննես Ենգոյանը միացավ մեզ, ի՜նչ խիզախ տղա էր, մարտի ժամանակ վիրավորվել էր, էդպես վիրավոր էլ աննկուն զինվորի պես կռվեց ու զոհվեց…
Սպաներից, զինվորներից շատերի հայրերը, հարազատները Արցախյան ազատամարտի մասնակից էին՝ Մնացական Խաչատրյանի քեռիները, Երվանդ Խաչատրյանի հայրը, բոլորն էլ կռվում էին ինքնամոռաց նվիրումով, վճռական տրամադրված՝ մեր հայրերի պահած-պաշտպանած հողն ամեն գնով պետք է պահեինք… Նրանցից շատերը հիմա հավերժի ճամփորդ են՝ կապիտան Սեւակ Օհանյան, ավագ լեյտենանտ Մնացական Խաչատրյան, շարքայիններ՝ Տիգրան Ոսկանյան, Գարիկ Մարգարյան, Դավիթ Բաբայան, մի քանիսի ճակատագիրն էլ մինչ օրս անհայտ է…
Ցավոք, մեր հայրերի, պապերի ազատագրած տարածքները չկարողացանք պահել՝ ուժերն անհավասար էին,- դառնությամբ խոստովանում է փոխգնդապետը:- Եթե այդ երկրին ոչ մի պետություն չաջակցեր, մենք մեր ներուժով միանշանակ կհաղթեինք: Ուժերի հարաբերակցությունն անհամեմատելի էր, բայց, այս ամենով հանդերձ, մենք նաեւ անհամեմատ մեծ կորուստներ պատճառեցինք թշնամուն։
***
Կրակի տարափ էր, մարտերն օրեցօր ավելի ու ավելի էին թեժանում, հակառակորդն ինչ զինատեսակ ասես չէր գործադրում՝ հրետանի, զրահատեխնիկա, անօդաչուներ… Թշնամին բավական մոտեցել էր, շրջափակել բոլոր ճանապարհները, մի փոքր կածան էր մնացել, զինամթերքն էլ արդեն սպառվում էր, հապաղելը մահ էր…
Ու թե վիրավոր վիճակում Գարեգինը մի քանի ողջ մնացած զինվորներին ոնց կարողացավ հանել շրջափակումից, հրաշքին հավասարազոր է…
Վիգեն Ասատրյանը շրջափակումից հրաշքով փրկված զինվորներից մեկն է. «Հոկտեմբերին 19-ի լուսաբացին գումարտակից 14 հոգով «Ուրալով» կամավոր եկանք Իշխանաձոր: Մեր գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետ Մուրադյանը, մեզ դիմավորեց, երբ մեզ տեսավ, ուրախությանը չափ չկար՝ «Էս իմ երեխե՜քն են եկել մոտս», մենք էլ էինք շատ ուրախացել իրեն տեսնելով, ուրախ էինք, որ հենց մեր հրամանատարի հետ ենք, նրա հետ պատրաստ ենք աշխարհի ծայրը գնալու. ինքը մեզ համար իսկական զինվորականի կատարելատիպ է: «Ուրալից» իջանք ու բացազատվեցինք, քողարկվեցինք տարածքում, հրամանատարն էլ այդ ընթացքում մեր դիրքավորման համար բարենպաստ վայր գտավ, ու դիրքավորվեցինք: Թշնամին շատ մոտ էր՝ ձայներն արդեն պարզորոշ լսվում էին… Ընդամենը մի 40-50 մետր էին հեռու, դիմահար կրակում էինք…
-Բլրի վրա դիրքավորված էինք՝ ամեն պահ մահն աչքներիս առաջ… կրակի տարափը չէր դադարում,- զինընկերոջ խոսքը շարունակում է շրջափակումից դուրս եկած մյուս զինվորը՝ Վաչագան Խաչատրյանը:- Մեկ էլ կռվի ամենաթեժ պահին երգի ձայն եմ լսում, առաջին պահին նույնիսկ չհավատացի, կարծեցի՝ լսողական պատրանք է…. Գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետ Մուրադյանն էր երգում, երգում էր մեզ գոտեպնդելու, ոգեւորելու, քաջալերելու համար: «Կամավորի երգն» էր …Բոլորս մեկեն ինքնաբուխ սկսեցինք ձայնակցել, ու մեր երգն այնքան հուժկու, այնքան բարձր էր հնչում, որ խլացնում էր անգամ հրետանու ձայնը…
Ով կամավոր է գրվում, այն օրից հերոս է նա,
Սիրահոժար, մահն աչքերին է գնում,
Չի երազում ո՛չ անուն, ո՛չ ոսկի, ո՛չ գանձ,
Հայրենիքն է իր հոգում սրբազանացած:
…Մեր հրամանատարը գլխից վիրավոր էր, արյունը հոսում էր դեմքին: Սպաներից մեկը չգիտեմ որտեղից մի շիշ պեպսի էր գտել, տվեց, որ Մուրադյանը խմի, նա շշի պարունակությունը բաժանեց զինվորներին: Գուցե փոքրիկ, աննշան թվացող դրվագ եմ պատմում պատերազմական ահեղաշունչ օրերից, բայց ուզում եմ անպայման շեշտել, որ իր համար բոլոր հարաբերություններում, բոլոր իրավիճակներում առաջնայինը միշտ զինվորն է, ասում էր՝ նախ զինվորս…Ինքը զինվորապաշտ հրամանատար է…Ես երբեք չեմ մոռանա, թե մեզ շրջափակումից ոնց փրկեց, թշնամին արդեն այնտեղից էր կրակում, որտեղ րոպեներ առաջ մենք էինք դիրքավորված, գնդակները սուրում էին մեր ուղղությամբ, հրամանատարը ոտքից վիրավորվեց, մի գնդակ էլ մեջքին կպավ, բարեբախտաբար, զրահաբաճկոնի գրպանը միայն ծակեց…
-Հրե բոցերում մկրտվեց մեր ընկերությունը՝ ավագ եղբոր հարազատությամբ ենք ընդունում հրամանատարին,- անկեղծանում են զորացրված զինվորները:
***
Փոխգնդապետ Գարեգին Մուրադյանը ներկայումս էլ շարունակում է ծառայությունը հայոց բանակում, զորամասի հրամանատարի տեղակալ է:
-Զինվորներս գիտեն՝ հակառակորդի նկատմամբ առավելության կհասնեք ոչ թե լավ ծառայությամբ, այլ միայն գերազանց, եւ մեր ամեն ժամն ու րոպեն միտված են ռազմական գիտելիքների եւ ունակությունների կատարելագործմանը:
Մեզնից ամեն մեկը, ինչ մասնագիտության տեր էլ լինի, պարտավոր է զինվորի նվիրումով, զինվորի պատասխանատվությամբ ու պարտաճանաչությամբ կատարի իր գործը,- բանաձեւում է փոխգնդապետը:- Բոլոր պետություններն էլ, բնականաբար, ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը: Եվ մենք միայն համախմբվելով, սեփական ուժերին ապավինելով կուղղենք մեր երկրի կքած ողնաշարը՝ երբ ամեն մեկիս «ես»-ը վերափոխվի «մենքի»: Հզորացնենք, ծաղկեցնենք մեր բնօրրանը՝ այս մոլորակի վրա հային հայ պահող հողակտորը: Մեր ընտանեկան «ռազմավարական ծրագրերում» էլ պետք է փոփոխություններ կատարենք՝ շատ երեխաներ ունենանք:
Գարեգինը վերջերս է ամուսնացել, կինը անգլերենի եւ ֆրանսերենի ուսուցչուհի է, ընդ որում՝ ամուսնուց ոչ պակաս հայրենասեր ու հայրենապաշտ. Ռուսաստանից վերադարձել է հայրենի եզերքում օջախ կազմելու նպատակով, որ զավակները լույս աշխարհ գան, մեծանան, կրթվեն ու դաստիարակվեն հայեցի միջավայրում՝ հային հայ պահող հողակտորի վրա՝ Մայր հայրենիքում…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ