Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ ՆՐԱՆՔ ԿՀԱՄԱԼՐԵՆ ԶՈՐՔԵՐԸ
ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ ՆՐԱՆՔ ԿՀԱՄԱԼՐԵՆ ԶՈՐՔԵՐԸ

ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ ՆՐԱՆՔ ԿՀԱՄԱԼՐԵՆ ԶՈՐՔԵՐԸԶՈՒ բոլոր ուսումնական զորամասերում  պատրաստվում են քննություններին։ Վաղուց արդեն տեսական դասերը փոխարինվել են գործնական պարապմունքներով ու հիմա՝ ուսումնական փուլի ավարտին, քննություններից առաջ վերջին շտկումներն են արվում։

Մինչև մարտական տեխնիկային մոտենալն ու այն շահագործելը, զինծառայողները նախ ուսումնական վարժասարքի վրա են կատարելագործում իրենց տեսական գիտելիքները։ Հայրենական արտադրության վարժասարքի վրա համատեղ գործողություն է կատարում հետևակի մարտական մեքենայի անձնակազմը՝ հրաձգություն, մեքենավարում, ինչպես նաև ուսումնական ծրագրով նախատեսված այլ վարժություններ ու խնդիրներ։ Վարժասարքն «արձանագրում է» բոլոր թերություններն ու խախտումները։

– Մխիթար Խաչատրյանը հետևակի մարտական մեքենայի մեխանիկ վարորդ է։ Հինգ ամսվա ընթացքում հասցրել է լիարժեքորեն տիրապետել ՀՄՄ-ի մարտավարատեխնիկական բնութագրին, կարողանում է այն վարել ոչ միայն վարժասարքի վրա, այլ նաև գործնականում,- իր ենթակային է ներկայացնում  դասակի հրամանատար Գևորգ Սանթրոսյանը:

ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ ՆՐԱՆՔ ԿՀԱՄԱԼՐԵՆ ԶՈՐՔԵՐԸՎարժադաշտում են ուսումնական զորամասի տանկիստները։ Երթուղին չորսից-վեց կիլոմետր է՝ արգելքներով ու դժվարանցանելի հատվածներով։

– Բոլոր արգելագոտիների մոտ տանկի վարմանը հետևում են դիտորդներն ու հաշվառողները, նրանք գրի են առնում թերությունները, զեկուցում արդյունքները, որոնք էլ անցկացվում են ամփոփագրի մեջ,-ասում է դասակի հրամանատար Անդրանիկ Փիլիպոսյանը:

Տ 72 տանկից ստուգարքային վարժության է նախապատրաստվում շարքային Նարեկ Հակոբյանը։ Թե ցերեկային և թե գիշերային պայմաններում Նարեկը տանկ վարել է տասնյակ անգամներ։

– Ամեն վարման հետ ավելի եմ հմտանում, արգելագոտիներն առավել հեշտությամբ եմ հաղթահարում,- ասում է Նարեկը:

Ամփոփիչ ստուգումներից հետո ինչպես ուսումնական զորամասի բոլոր զինվորները, այնպես էլ սերժանտ Հակոբյանը, հետագա ծառայությունը շարունակելու է այլ զորամասում՝ արդեն որպես ջոկի հրամանատար։

ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ ՆՐԱՆՔ ԿՀԱՄԱԼՐԵՆ ԶՈՐՔԵՐԸ-«Հարձակման ժամանակ» թեմայով ստուգողական հրաձգային վարժություններ են իրականացնում ուսումնական զորամասի հրաձիգները։ Ապագա սերժանտները սովորում են հարձակողական մարտում տարբեր դիրքերից կրակի վարման եղանակները. պայմանական հակառակորդի գնդացրային հաշվարկի ուղղությամբ՝ տեղից, ապա ընթացքից, հակառակորդի հակատանկային նռնականետորդի ուղղությամբ՝ կանգնած և ծնկած դիրքից, պառկած՝ հետևակի ուղղությամբ նռնակի նետում, և վերջում կրակ՝ հակառակորդի նահանջող խմբի ուղղությամբ,- ներկայացնում է վաշտի հրամանատար Կարեն Լևոնյանը:

Իրար հաջորդող թիրախների ուղղությամբ տարբեր դիրքերից հրաձգային վարժություններ էր կատարում շարքային Յուրի Ղարիբյանը։ Յուրին ստաժավորման շրջանակներում եղել է մարտական դիրքերում եւ լավ է պատկերացնում իր հետագա ծառայության բարդությունները։ Կրակային պատրաստությունից նրա արդյունքները գնահատվեցին  գերազանց։

Մեկ շաբաթ հետո տղաները հրաժեշտ կտան ուսումնական զորամասին, կմեկնեն ծառայության հանրապետության տարբեր անկյուններ, տարբեր  զորամասեր, որոնք ընտրել են դեռևս ամռանը, վիճակահանության միջոցով:  Կծառայեն արդեն՝ որպես մասնագետ, մեկը՝ մեխանիկ-վարորդ, մյուսը՝ մարտական տեխնիկայի հրամանատար կամ նշանառու օպերատոր, երրորդը՝ դիրքապահ։

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ