Հայերեն | На русском | In English
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի Տերունական աղոթքից հետո շրջանավարտներին հանձնել են ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։
Երիտասարդ սպաներին ողջունել և շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Իր խոսքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել է, որ զինված ուժերի շարքերը համալրվում են ուսյալ սպաներով, որոնք պետք է հրամանատարական ուղի անցնեն հաղթանակներ կերտած, բազմապիսի փորձություններ հաղթահարած, պատերազմների բովով անցած հայկական բանակում, որն այժմ առավել քան երբևէ ունի կրթված, իր գործին լիարժեք տիրապետող, հայրենիքին անմնացորդ նվիրումով ծառայող, նորագույն տեխնոլոգիաների իմացությամբ զինված սպաների կարիք:
«Սպա լինելը պատիվ է և մեծագույն առաքելություն: Դուք նաև մեր պարտադիր ժամկետային զինծառայողներին կրթելու, հայրենիքը սիրելու, այն պաշտպանելու, զենքին և զինվորական մասնագիտությանը լավ տիրապետելու չափազանց պատասխանատու և պատվաբեր առաքելությունն եք ստանձնում: Շնորհավորում եմ սպայական կոչում ստանալու կապակցությամբ, մաղթում առողջություն, ուժ և կորով՝ հայրենանվեր առաքելության խաղաղ ու անխափան իրականացման համար: Մեր երազանքների բանակը, որի համար պահանջվում է անմնացորդ նվիրում ու տքնաջան աշխատանք, սարերի հետևում չէ»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
Միջոցառումն ավարտվել է ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով։