Հայերեն | На русском | In English
«Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունը իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել, գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջ: Եվ մենք էլ թեպետ մարմնով Երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինվածքին»,-խոսքերը Վարդան Մամիկոնյանի հայտնի ճառից են, որը նա արտասանել է հայոց զորքի առաջ 451 թ. մայիսի 25-ին՝ Ավարայրի ճակատամարտի նախօրեին: Շուրջ մեկուկես հազարամյակի ընթացքում նրա ճառը հայրենասիրության, անձնվիրության ու հաղթելու բանաձև էր հայ զինվորի համար: Դարերի ընթացքում հայոց բանակը և հայոց եկեղեցին քայլեցին կողք կողքի: Որտեղ անհրաժեշտ էր, միասին կռվեցին թշնամիների դեմ: Եվ մեր պատմական երթում ձևավորվեց ավանդույթ. եկեղեցիների բակերում քահանաներն իրենց օրհնությունն էին հղում պատերազմի դաշտ գնացող մեր զորքին, որ Տերը զորավիգ լինի նրանց արդար պայքարին, և հայ զինվորն իր սուրը փառքով դնի պատյան: Չմկրտվածի ճակատին դրոշմվում էր սրբալույս մյուռոնը, որ անխոցելի լինի թշնամու սրի առաջ:
Այդպես է եղել դարեր շարունակ, այդպես է և այսօր: Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ զինված ուժերում ծառայում են նաև մեր գնդերեցները, որ պարբերաբար կազմակերպում են զինվորների մկրտության արարողություններ:
Նոյեմբերի 13-ին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում զինավանի 7 զինվորներ մկրտվեցին զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Ատոմ սարկավագ Ղարագյոզյանի նախաձեռնությամբ: Մկրտության կարգը կատարեց 5-րդ բանակային զորամիավորման հոգևոր սպասավոր տեր Ենոք քահանա Եսայանը: Զինվորների կնքահայրերը հենց իրենց ծառայակից ընկերներն էին, որով նրանց մարտական ընկերակցությունը դրվեց ավելի զորեղ հիմքերի վրա:
Մարտի դաշտում՝ անպարտելի, հավատքի մեջ՝ անսասան: Այսպիսին են այսօրվա մեր զինվորները: Այն սերունդը, որ իր հոգում ունի զույգ հենարան՝ Հայրենիք և Աստված:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ